Վրացական և ուկրաինական հեղափոխական սցենարներից դասեր քաղած Մոսկվան, ամենայն հավանականությամբ, հասկացել էր, որ եթե անընդհատ կանգնում ես հանրային համակրանքը չվայելով իշխող ռեժիմի կողքին, ապա ժողովրդի կողմից այդ իշխանության տապալման պայմաններում փոխվում է մարդկանց վերաբերմունքն այն աշխարհաքաղաքական կենտրոնի նկատմամբ, որն աջակցում է «ժողովրդի թշնամի» համարվող ռեժիմներին։ Այս առումով Հայաստանի և ՈՒկրաինայի հեղափոխությունների թերևս միակ ամենացայտուն ընդհանրությունն այն էր, որ երկու երկրներում էլ ռեժիմներն ընդհանուր առմամբ չէին ընդունվում հանրության կողմից՝ համարվելով ոչ արդյունավետ, անարդար և կոռումպացված։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակների հիմքերը նույնն էին, իրականացվող գործընթացները՝ տարբեր։ Մոսկվայում դա հստակ տեսնում էին, հասկանում էին, որ հայաստանյան հեղափոխության առաջնորդն անընդհատ փորձում է որևէ աշխարհաքաղաքական աստառ չհաղորդել շարժմանը։ Ավելին, ի զարմանս շատերի, և առաջին հերթին հեղափոխության մեջ իրենց ներգրավվածությունն արձանագրած հիմնականում արևմտամետ կողմնորոշում ունեցող կառույցների ու քաղհասարակության ներկայացուցիչների, Փաշինյանը կտրուկ շրջադարձ կատարեց իր նախկին աշխարհաքաղաքական հայտարարություններից։
Խոսքը մասնավորապես ԵԱՏՄ-ից դուրս գալու նպատակահարմարության մասին Նիկոլ Փաշինյանի բոլորովին վերջերս արած հայտարարություններին է վերաբերում։ Վերջինս, ինչպես հայտնի է, կտրուկ փոխեց իր դիրքորոշումը և առնվազն լոյալ վերաբերմունք սկսեց արտահայտել թե՛ ԵԱՏՄ-ին, թե՛ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ։ Հեղափոխության շրջանում արևմտյան ուժերը այս շրջադարձն ընկալեցին զուտ որպես մանևր՝ հույս ունենալով, որ ամեն ինչ կվերանայվի Փաշինյանի դեֆակտո իշխանության գալուց հետո։ Բայց, այնուամենայնիվ, Ռուսաստանում Նիկոլ Փաշինյանի ուղերձները կարծես թե դժվարությամբ, սակայն «մարսվեցին». պաշտոնական Ռուսաստանում կարծես եկել են եզրակացության, որ ընդդիմադիր առաջնորդը, իսկ այժմ արդեն նաև վարչապետը, լինելով պրագմատիկ և փորձված քաղաքական գործիչ, հասկանում է, որ պետք է լինի, ինչպես ռուսներն են ասում, вынужденный реалист։ Եվ այս շրջադարձը պայմանավորված է հենց նրանով, որ վերջինս ստիպված է լինել իրատես և ինչպես ինքն է նշում՝ հաշվի նստել իրողությունների հետ։
Միևնույն ժամանակ այստեղ իր դերն է խաղում նաև Սերժ Սարգսյանի նկատմամբ Կրեմլի, մեղմ ասած, ոչ միանշանակ վերաբերմունքը։ Հատկանշական է, որ ժողովրդական շարժման ամբողջ ընթացքում անգամ հնչում են կարծիքներ, որ այս ամենում կարող է խառը լինել նաև Մոսկվայի մատը: Նշենք, որ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը 2013 թ. պատրաստակամություն հայտնեց ստորագրելու ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը և միայն վերջին պահին ինչ-ինչ հանգամանքներից ելնելով հրաժարվեց, Կրեմլում շարունակում էր որոշակի անվստահություն պահպանվել ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ։ ՌԴ-ն 2013 թվականից ի վեր փորձում էր Հայաստանում խաղադրույքներ կատարել ոչ միայն իշխանության՝ Սերժ Սարգսյանի և հանրապետականների վրա, այլև փորձում էր դիվերսիֆիկացնել ուժերը։ Մասնավորապես ընդդիմադիր դաշտում նրանք հաշվի էին առնում Գագիկ Ծառուկյանի գործոնը, որը թեև իրենից հիմնականում բիզնես նախագիծ էր ներկայացնում, սակայն թե՛ իշխանական կոալիցիայում, թե՛ ընդդիմադիր դաշտում հստակ գործառույթ էր իրականացնում, և անհրաժեշտ պահին ակտիվացվում էր։
Ռուսաստանի Դաշնությունը, ի դեպ, վերջին շրջանում իր ներկայությունը դիվերսիֆիկացրել էր նաև իշխանական ճամբարում։ Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դիտարկվում էր հենց այդ տիրույթում՝ Ռուսաստանի մեկ այլ բևեռ, որը պետք է վերահսկեր Սերժ Սարգսյանին իշխանության ներսում։ Այս առումով ՌԴ-ն հասկանում է, որ առանձնապես մեծ կոնֆիգուրացիա չի փոխվում։ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության, ավելի շուտ կառավարություն գալով չես կարող հստակ որոշել, թե Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորն այս պահի դրությամբ որ ուղղությամբ է։ Ռուսաստանը շատ լավ գիտի, որ այս պահի դրությամբ ՀՀ աշխարհաքաղաքական կողմնորոշումն ուղղակիորեն հրապարակում գցած է, և պետք է դրան տիրություն անել։ Ռուսաստանը, անկախ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության աստիճանից (իսկ նրա լեգիտիմությունն այսօր կասկած չի հարուցում), պետք է աշխատի նրա հետ։ Այս պահին ՌԴ վերնախավը հիմնականում ձևացնում է, թե հավատում է Փաշինյանի տված խոստումներին, սակայն նաև հասկանում է, որ քանի դեռ ուրիշ կենտրոններ տիրություն չեն արել Հայաստանի՝ հրապարակում գցված աշխարհաքաղաքական կողմնորոշմանը, պետք է գործի անցնել։ Եվ չի բացառվում, որ հեղափոխության օրերին չերևացող, արդեն իսկ անդրկուլիսյան բանակցություններ են ընթացել Նիկոլ Փաշինյանի հետ։ Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս չէր հասցրել վարչապետ դառնալ, ստացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը։ Պուտինը միանգամից ցույց տվեց, որ նորընտիր վարչապետի հետ աշխատելու որևէ լուրջ պրոբլեմ չի տեսնում։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում