Այս օրերին ինձ հաճախ հարցնում էին՝ «ճի՞շտ է, որ միացել ես շարժմանը», «բա ինչո՞ւ չես միանում», «իսկ դու մերժո՞ւմ ես Սերժին», «ինչո՞ւ ես գրում, որ ոչ ՀՀԿ-ի, ոչ էլ Նիկոլի համակիրն ես» եւ այլն: Բոլորին առանձին չպատասխանելու համար միանգամից նշեմ, որ որեւէ մեկին միանալու կամ որեւէ մեկից անջատվելու խնդիր չունեմ, ոչ մեկին չեմ մերժում, ոչ մեկով չեմ հիանում, բոլոր քաղաքական եւ ոչ քաղաքական գործիչներին վերաբերվում եմ հարգանքով: Իմ խնդիրն եմ տեսնում իրադարձությունները հավասարակշռված լուսաբանելը եւ վերլուծելը:
Ինչպես բազմիցս արդեն գրել եմ, վերլուծություններում հանգել եմ այն եզրակացության, որ իրավիճակի լիցքաթափման միակ տարբերակը Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելն էր, եւ դա շանս է տալիս երկիրը բարեփոխելու: Շանս, որը կարող ենք օգտագործել, բայց կարող ենք նաեւ բաց թողնել: (Եվ, ի դեպ, բաց թողնելու պատասխանատվությունը սխալ կլիներ մեկ մարդու վրա դնել):
Թե ով ինչպես է լուսաբանում իրադարձությունները՝ բնականաբար, ճաշակի հարց է: Լրատվամիջոցներ կան, օրինակ, որոնք մի տարի առաջ գովազդում էին ոստիկանական գնդի վրա զինված հարձակումը եւ այդ հարձակման պահին (անգամ սպանություններից հետո) քարոզում էին տվյալ արարքը կատարած անձանց գաղափարները: Լրատվամիջոցներ կան, որոնք այս հեղափոխական օրերին ոստիկանության գործողությունների մեջ տեսնում էին միայն ապօրինություններ եւ չէին տեսնում նաեւ պարզապես նորմալ երթեւեկությունն ապահովելու ձգտում:
Ամեն մեկն իր սկզբունքներն ունի, որոնք դարձյալ հարգանքի են արժանի: Ես աշխատում եմ խուսափել ատելության խոսքից (hate speech), միակողմանի քարոզչությունից, լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերի միջոցով հաշիվներ մաքրելուց, կուռքեր եւ հրեշներ կերտելուց: Մանավանդ որ նոր վարչապետը պնդում է, որ ատելության էջն այլեւս փակված է:
Բուդդայական վանքերից մեկի կանոնադրության մեջ գրված է. «Մի՛ ստիր՝ քո նպատակներին հասնելու համար: Մի՛ արտաբերիր բառեր, որոնք կարող են առաջացնել տարաձայնություններ եւ ատելություն: Մի՛ տարածիր լուրեր, որոնց ճշմարտության մեջ վստահ չես: Մի՛ քննադատիր ու մի՛ դատապարտիր այն բաների համար, որոնք լավ չես հասկանում: Միշտ ասա ճշմարտությունը, եղիր բարյացակամ: Առանց վախի քննարկիր անարդարության դեպքերը, նույնիսկ եթե նման անկեղծությունը կարող է սպառնալ քո անվտանգությանը»: Չգիտեմ, գուցե այդ կանոնադրությունը որոշ չափով կիրառելի է նաեւ լրագրության դեպքում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կարծում եմ, տվյալ դեպքում հղում տեղադրելը չի դիտվի որպես գովազդ: 🙂
https://www.youtube.com/watch?v=yLj-mnn_YXk&feature=share
Երեկ բավականությամբ դիտեցի տեսանյութը, ինչից հետո այսօրվա նկատմամբ վստահությունս ավելի ամրապնդվեց, այն առումով, որ մեր հանրության այսօրվա հասունացումը եկել է տարիների հեռվից և ըստ էության անհանգստանալու համար հիմքեր չկան: