Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ԲԱՆ ԷԼ ՊԱԿԱՍ

Մայիս 11,2018 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ տասնյոթերորդ

ՄԻ ԲԱՆ ԷԼ ՊԱԿԱՍ

Եվ Հրանտը  Տիգրանին հարցրեց՝ «Ֆրունզն ու ախպերը շատ ե՞ն խնդրել, որ իրենց  ֆիլմի համար երաժշտություն ես գրել», եւ Տիգրանը պատասխանեց ու ասաց՝ «Ալբերտը կեսբերան խնդրեց՝ գրեցի», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով Տիգրանին հարցրեց՝ «բայց իրենք գիտե՞ն, որ իրենց ֆիլմի գլխավոր արժանիքը քո երաժշտությունն ա», եւ Տիգրանը  մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես այդ կարծիքին չեմ», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Տիգրանին ասաց՝ «էս դեպքում քո կարծիքը մեզ համար հիմք չի», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «իզուր մի չարչարվի, Հրանտ ջան», եւ Հրանտը զարմացած նայեց Ֆրունզիկին ու հարցրեց՝ «այսինքն», եւ Ֆրունզիկը ժպտալով Հրանտին ասաց՝ «ում՝ ում,  բայց ինձ ու Տիգրանին չես կարա կռվացնես», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «ես կյանքում ավելի վեհ նպատակներ ունեմ, ընկեր Ֆրունզ», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով Հրանտին ասաց՝ «չեմ էլ կասկածում, Հրանտ ջան», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «ես ո՞նց կարող եմ քեզ կռվացնել մի անձնավորության հետ, ով ձեր ֆիլմի հաջողությունն ա ապահովել»,  եւ Փելեշյանը Հրանտին հարցրեց՝ «խոսքը ո՞ր ֆիլմի մասին ա», եւ Տիգրանը Հրանտի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «Հին օրերի երգը», եւ Փելեշյանն ասաց՝ «չեմ տեսել», եւ Ֆրունզիկը Փելեշյանին ասաց՝ «պրեմիերային քեզ հրավիրել էինք, բայց չեկար», եւ Փելեշյանը մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «էդ օրը վատ էի զգում, Ֆրունզ ջան», եւ Հրանտը փռթկացնելով ասաց՝ «ո՞ւմ չորս ոչխարները գողանային, որ վատ չզգար» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով Փելեշյանին ասաց՝ «որ Ֆրունզենց էդ պրեմիերային գնայիր, ավելի վատ էիր զգալու», եւ Ֆրունզիկը զարմացած Հրանտին հարցրեց՝ «ինչի՞ պիտի վատ զգար», եւ Փելեշյանն էլ Հրանտին հարցրեց՝ «ինչի՞ պիտի վատ զգայի», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով Փելեշյանին ասաց՝ «որ իրանց էդ պրեմիերային գնայիր, ստիպված պիտի գովեստի խոսքեր ասեիր», եւ Ֆրունզիկը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ պիտի գովեստի խոսքեր ասեր», եւ Փելեշյանն էլ զարմացած հարցրեց՝ «ինչի՞ պիտի գովեստի խոսքեր ասեի», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ընդունված ա», եւ Փելեշյանը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ա ընդունված», եւ Հրանտը պատասխանեց ու ասաց՝ «պրեմիերաների ժամանակ բոլորն էլ գովասանքի խոսքեր են ասում», եւ Փելեշյանը ժպտալով Հրանտին հարցրեց՝ «բա դու ինչի՞ իմ պրեմիերայի  օրը գովասանքի խոսքեր չասեցիր», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Փելեշյանին ասաց՝ «ասել եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մոռացել ես», եւ Փելեշյանը փռթկացնելով Հրանտին ասաց՝ «իմ ֆիլմի երաժշտության մասին ես գովասանքի խոսքեր ասել», եւ Ֆրունզիկը փթկացնելով Հրանտին ասաց՝ «մեր ֆիլմի պրեմիերայից հետո էլ ես գովասանքի խոսքեր ասել», եւ  Հրանտը զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ եմ ասել», եւ Ֆրունզիկը պատասխանեց ու ասաց՝ «Ախպորս՝ Աբոյին», եւ Հրանտն ավելի զարմացած Ֆրունզիկին հարցրեց՝ «ախպորդ ի՞նչ եմ ասել», եւ Ֆրունզիկը փռթկացնելով Հրանտին ասաց՝ «ասել ես՝ Տիգրանի երաժշտությունը հոյակապ էր», եւ Հրանտը զարմացած նայեց Ֆրունզիկին ու հարցրեց՝ «սխալ ե՞մ ասել», եւ Ֆրունզիկը մի քիչ  մտածեց ու Հրանտին ասաց՝ «մի բան էլ պակաս ես ասել» եւ մի քիչ էլ մտածեց ու Հրանտին ասաց՝ «ախպորս  ֆիլմի համար Տիգրանի գրած երաժշտությունն ուղղակի հանճարեղ ա»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031