Արման Ահարոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. նոյեմբերի 15-ին, ժամը 11-ի սահմաններում Բերդ քաղաքի Լեւոն Բեկի 5 հասցեում, իր կնոջ հետ ինտիմ հարաբերություններ ունենալու կասկածանքի շարժառիթով վիճաբանության եւ քաշքշուկի մեջ է մտել Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղի բնակիչ, 1977թ. ծնված Արթուր Ղազարյանի հետ, դիտավորությամբ բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ, պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ եւ հեռացել:
Նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում Արման Ահարոնյանը Բերդ քաղաքից Մաշտոցի 23 շենքի հետնամասում կրկին փորձել է վիճաբանել Արթուր Ղազարյանի հետ,սակայն վերջինիս հետ գտնվող Պառավաքար գյուղի բնակիչ Գագիկ Բոզինյանը միջամտել է, որից հետո Ա. Ահարոնյանը սկսել է վիճաբանել Գ. Բոզինյանի հետ, դանակով դիտավորությամբ հարվածել է Բոզինյանի որովայնի շրջանում՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք:
Արման Ահարոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, 118 հոդվածով եւ 185 հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ա. Ահարոնյանի դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է մայիսի 15-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ