Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը ծառայության աշխատակիցներին ուղղված ուղերձ է հղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում մասնավորապես ասված է.
«Պարոնա՛յք գեներալներ և սպաներ, սիրելի՛ վետերաններ, հարգելի՛ գործընկերներ
Ազգային անվտանգության մարմինների հիմնական խնդիրներն են եղել ինքնիշխանության, պետական սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի, քաղաքացիների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ապահովումը, հանրապետության պաշտպանունակության ամրապնդումը։
Վերջին օրերի ընթացքում իմ պաշտոնավորումը պայմանավորված է եղել բացառապես այդ խնդիրների լուծման բնականոն շարունակականությունն ապահովելու և երկիրը ներքին ու արտաքին մարտահրավերներից զերծ պահելու անհրաժեշտությամբ, ինչն էլ Ձեր անմնացորդ հայրենասիրության և պատասխանատվության բարձր զգացումի շնորհիվ կարողացել ենք պատվով կատարել։
Այժմ հեռանալով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից՝ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր համատեղ ծառայության և իմ նկատմամբ ցուցաբերած վստահության համար, միաժամանակ լիահույս եմ, որ ունենալով հատուկ խառնվածք և հաստատուն կամք, հետայսու ևս կշարունակեք արդար և անկողմնակալ իրականացնել լիազորությունները, ազնիվ և բարեխիղճ կատարել ծառայողական պարտականությունները։
Հույսով եմ նաև, որ մեր բոլորի տեսլականը՝ Ազգային անվտանգության ծառայությունը դարձնել ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում լավագույն հատուկ ծառայություններից մեկը, իրատեսական է, քանզի Ծառայության կուռ և բանիմաց անձնակազմն իր տքնաջան աշխատանքով ունակ է լուծել համակարգի առջև ծառացած ցանկացած հիմնախնդիր։
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահին՝ իմ նկատմամբ ցուցաբերած անվերապահ վստահության և մեր պետականության ամրապնդման գործում Ազգային անվտանգության ծառայությանը մշտապես գործուն աջակցելու համար։
Երախտիքիս խոսքն եմ հղում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և իրավապահ մարմինների իմ բոլոր գործընկերներին, ինչպես նաև այլ պետությունների գործընկեր հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին՝ ակտիվ համագործակցության և փոխգործակցության համար։
Հույսով եմ, որ Ազգային անվտանգության մարմինների գործունեությունը, համակարգի աշխատակիցների մասնագիտական բարձր պատրաստվածությունը, հմուտ և գրագետ աշխատանքը, ամենակարևորը՝ անմնացորդ նվիրումը և պարտքի բարձր գիտակցումն ի շահ մեր Հայրենիքի, մշտապես հարգանքի և արժանի գնահատանքի կարժանանան»։