Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեդիա ոլորտում առկա են նաև մի շարք այլ լուրջ մարտահրավերներ. Լրագրողական կազմակերպությունների առաջարկը՝ Նիկոլ Փաշինյանին

Մայիս 10,2018 21:10

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, շնորհավորում ենք Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետ ընտրվելու և պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և հույս ենք հայտնում, որ նոր կառավարությունը արմատական բարեփոխումներ կիրականացնի Հայաստանում։

Համոզված ենք, որ այդպիսի բարեփոխումների կարիքն առկա է նաև ԶԼՄ-ների և տեղեկատվության ազատության ոլորտներում։ Վերջերս ընդունված մի շարք օրենսդրական փոփոխություններ անհիմն սահմանափակում են կառավարության գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, խախտում տեղեկություններ ստանալու և տարածելու հիմնարար իրավունքը։

Այդպիսիք են, օրինակ, ս. թ. մարտի 23-ին ընդունված՝ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքները, որոնցից առաջինով նախատեսվում է գործադիր բարձրագույն մարմնի նիստերն անցկացնել դռնփակ, երկրորդով ստեղծվում են մայրաքաղաքի ավագանու նիստերը լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքները կաշկանդող պայմաններ։ 2015 թ. դեկտեմբերին «Գնումների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով էլ՝ պետական գաղտնիքների շարքին դասվեցին երկրի առաջին երեք դեմքերի՝ վարչապետի, նախագահի և ԱԺ խոսնակի գործունեությանը վերաբերող գնումները, ինչը կարող է հանգեցնել կոռուպցիոն ռիսկերի։

Մենք տասնամյակներ շարունակ բարձրաձայնում ենք հեռարձակման ոլորտին վերաբերող  խնդիրները և պնդում, որ արմատապես պետք է վերանայվի «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը և բարեփոխվեն հարաբերություններն այս դաշտում։ Սակայն մեր փորձագիտական կարծիքն ու օրենսդրական առաջարկները, որպես կանոն, անտեսվել են, քանզի իշխանությունները ձգտել են պահպանել ստատուս-քվոն՝ իրենց կողմից վերահսկվող ոլորտում։ Հայկական հեռուստաեթերի բոլոր արատները ցայտուն կերպով երևացին նաև թավշյա հեղափոխության՝ հատկապես առաջին շաբաթվա իրադարձությունները լուսաբանելիս։

Մեդիա ոլորտում առկա են նաև մի շարք այլ լուրջ մարտահրավերներ. ԶԼՄ-ների կենտրոնացման և սեփականության թափանցիկության խնդիրներ, քաղաքականացված գովազդային դաշտ, լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների և օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումների անպատիժ մնացած բազմաթիվ դեպքեր և այլն։

Մենք պատրաստակամություն ենք հայտնում՝ ակտիվորեն մասնակցելու տեղեկատվության ազատության և ԶԼՄ-ների ոլորտներին վերաբերող օրենսդրական և գործնական բարեփոխումներին՝ դրան ծառայեցնելով մեր գիտելիքն ու փորձը։ Ուստի նորընտիր վարչապետին առաջարկում ենք հանդիպում կազմակերպել մեզ հետ՝ վերոհիշյալ խնդիրներն ու հնարավոր լուծումներն առավել մանրամասն քննարկելու համար։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031