Նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ժողովրդի և անձամբ իր անունից ցավակցական հեռագիր է հղել Դոքմեջյանների ընտանիքին` Ջորջ Դոքմեջյանի մահվան կապակցությամբ:
«Հայոց ցեղասպանությունը վերապրած ծնողների զավակ Ջորջ Դոքմեջյանը Միացյալ Նահանգներում տպավորիչ հաջողությունների հասած մեր հայրենակիցների լավագույն ներկայացուցիչն է: Նրա փայլուն քաղաքական կարիերան, որի արդյունքում նա դարձավ ԱՄՆ-ում ամենանշանավոր հայազգի պետական այրը, ոգեշնչել է հազարավոր երիտասարդ ամերիկահայերի, ինչպես նաև հպարտության առարկա դարձել Հայաստանում և սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների համար:
Երկու անգամ անընդմեջ զբաղեցնելով Կալիֆոռնիայի նահանգապետի պատասխանատու պաշտոնը՝ Ջորջ Դոքմեջյանն իր ողջ տաղանդը, աշխատասիրությունն ու օրենսդիր գործունեության երկու տասնամյակների փորձն անմնացորդ ներդրեց հանուն նահանգի զարգացման և բարգավաճման: Նրա շնորհիվ Կալիֆոռնիան, ի թիվս այլ նվաճումների, զգալի առաջընթաց արձանագրեց հանրային անվտանգության ոլորտում: Ջորջ Դոքմեջյանի հարուստ ժառանգությունը դեռ երկար տարիներ կուղղորդի և կառաջնորդի քաղաքական գործիչների բազում սերունդների:
Վշտի և կորստի այս ծանր պահին իմ զորակցությունն եմ հայտնում ձեզ՝ մաղթելով ոգու արիություն և համբերություն:
Ջորջի ազնիվ և պայծառ կերպարը միշտ վառ կմնա մեր հիշողությունների մեջ»,-ասված է նախագահ Սարգսյանի ցավակցական հեռագրում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ