Լրահոս
Օրվա լրահոսը

Լաուրա Բաղդասարյան. Սոցիալական ցանցերում «նիկոլիզմ» է դրսեւորվում. (Տեսանյութ)

Մայիս 10,2018 19:21

«Ինձ անգամ թվում է, որ ինքը`Նիկոլ Փաշինյանը, մարտի 31-ին քայլերթը սկսելիս չէր պատկերացնում, թե մինչեւ ուր կարող են տանել իր քայլերը: Այն մեխանիզմներն ու ծրագիրը, որով նա սկսեց այդ պրոտեստային շարժումը, մոտաորապես կախված էր այն հանգամանքից, թե ով կկանգնի, որքան մարդ կկանգնի նրա թիկունքին, ինչպիսի ուժ ինքն իր թիկունքին կզգա»,- այսօր, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կազմակերպած «Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը:

Այսօր նա փաստում է`փոխվել է հասարակությունը, հասարակական ընկալումները, քաղաքական իրավիճակը եւ ներքաղաքական հարաբերությունները, այնպես, որ մեկ ամիս առաջ դա անհնարին բան կարելի էր համարել: «Հանգամանքներն այնպես էին դասավորվել, որ Նիկոլ Փաշինյան այդ քայլերթը սկսեց ճիշտ ժամանակին, ներհասարակական զարգացումների ու հակասությունների պիկի ճիշտ պահին»,- ասաց նա`հավելելով, տարիներ շարունակ հանրային ընդվզումներ են եղել, տարբեր շարժումներ, բայց առաջնորդներ, որոնք կտիրապետեին այդ տրամադրություններին եւ կառաջնորդեին դրանք:

Վերլուծաբանը նկատում է`եղել են զարգացումներ, անգամ, երբ ըստ էության, ճիշտ արտաբերվող լոզունգների ետեւից ժողովուրդը չի գնացել: «Մարտավարական իմաստով շատ ճիշտ էր կառուցված այս գործողությունների կոմպլեքսը, բայց դա նրանից չէր ինձ թվում է, որ Նիկոլ Փաշինյանը գերտաղանդավոր էր եւ որոշեց այսպես անել: Պարզապես, նա շատ լավ կողմնորոշվեց պահի իրավիճակներում»,- ասաց Լաուրա Բաղդասարյանը:

Մանրամասները`տեսանյութում

Վերլուծաբանն ուսումնասիրել է տրամադրությունները`սոցիալական ցանցերում եւ «նիկոլիզմի» դրսեւորումներ է արձանագրում, որոնք վտանգավոր կարող են դառնալ հետագա զարգացումների համար: Նաեւ` ծայրահեղություններ է համարում Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերները, մանավանդ վարչապետական ուղղաթիռից:

Հովհաննես Իգիթյանը համամիտ չէ. «Հեղափոխությունը դեռ չի ավարտվել, եթե Նիկոլ Փաշինյանը իր ոճը փոխեց եւ դարձավ բյուրոկրատ, ճիշտ չի լինի: Մի օր պիտի գա, որ դա անի, բայց քանի դեռ հեղափոխությունը չի ավարտվել, այս ոճը ճիշտ է»:

Լաուրա Բաղդասարյանը չի պատկերացնում, թե ստեղծված սահմանադրական փակուղուց ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով պետք է դուրս գալ, ինչպես պետք է փոփոխվի Սահմանադրությունը:

Վերլուծաբանն ուշադրություն է հրավիրում, որ այս ամբողջ ընթացքում Արցախի բնակիչները չէին կարողանում համարժեք ընկալել Հայաստանում տեղի ունեցողը: Ինքը համարում է, որ ժողովրդավարության եւ բաց ու թափանցիկ կառավարումը Հայաստանի անվտանգության ամենակարեւոր բաղադրիչն է, բայց, մյուս կողմից, կա պատերազմական իրավիճակ, որը ինչ-որ սահմանափակումներ պահանջում է:

Ինչպե՞ս կհամադրվեն այս երկու տարբեր իրողությունները, ինքը չգիտի, բայց Նիկոլ Փաշինյանի եւ ապագա կառավարության համար դրանք մարտահրավեր է համարում, մանավանդ, որ դեռ հայտնի չէ, թե ովքե՞ր կլինեն ապագա կառավարությունում: Հույս ունի, որ այն կձեւավորվի ազատ եւ թափանցիկ ընտրություններով եւ կարտահայտեն հանրության բոլոր շերտերի շահերը: Բայց, Նիկոլ Փաշինյանն ունի հզոր կապիտալ`մարդկանց վստահությունը, որն օգտագործելով նա կարող է էական փոփոխություններ մտցնել եւ հանրային գիտակցության մեջ, եւ քաղաքացիական:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031