Ուղիղ ինը տարի առաջ այնժամ դեռ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանն ինձ հնարավորություն ընձեռեցին ղեկավարելու նորաստեղծ և մեծ տեսլականով «Լույս» հիմնադրամը։ Նպատակն էր կազմավորել նորարար և քննամիտ երիտասարդների նոր սերունդ՝ ապահովելու համար Հայաստանի զարգացումը աշխարհի առաջատար երկրներին համաքայլ։
Լավագույն կրթություն ստանալով՝ այս երիտասարդները ձեռք են բերել առաջնակարգ գիտելիք ու հմտություններ, վերլուծական կարողություններ, զարգացրել առաջնորդության ջիղը․ այս ամենի նպատակն էր պատրաստել երկրում դրական փոփոխության առաջամարտիկներ։
«Լույսի» կայքը գործարկվեց հենց 2009-ի մայիսի 9-ին, և Հիմնադրամն սկսեց կրթաթոշակ շնորհել աշխարհի լավագույն համալսարաններ ընդունված հայ երիտասարդներին։ «Լույսը» մասնագիտական կյանքիս ամենամեծ արկածներից է՝ սկսած այն օրվանից, երբ սկսեցի աշխատել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանի հիմնած «Ինֆորմատիկայի և մարդկային ռեսուրսների համաշխարհային կենտրոնում»։ Այնուհետ ես միացա Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի «Մեդիա լաբորատորիայի» (MIT Media Lab) հիմնադիր թիմին, որի անդամներն էին համաշխարհային ճանաչում ունեցող 12 գիտնականներ, այդ թվում՝ Սեյմուր Փափերթը և Մարվին Մինսկին՝ արհեստական ինտելեկտի հիմնադիր հայրերը։
«Մեդիա լաբորատորիայում» աշխատող գիտնականներին հաճախ անվանում են ապագան կերտողներ, որոնց մեծագույն նպատակն է աշխարհն ավելի լավը դարձնել։ Սովորելու և գործելու համակցումը «Մեդիա լաբորատորիայի» սկզբունքային գործելակերպն է, որն էլ ինձ հետ բերեցի «Լույս»։ Ինձ համար մեծ պատիվ ու երջանկություն էր աշխատել խելացի, համարձակ ու եռանդուն շուրջ 550 երիտասարդների հետ, որոնք ներգրավված են Հայաստանում գիտելիքահենք տնտեսության զարգացման գործում։ Այսօր ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել «Լույսի» հիմնադիրներին, կրթաթոշակառուներին, «Լույսի» գիտակ ու նվիրված աշխատակազմին, արժեքավոր խորհրդականներին և Հիմնադրամի բարեկամներին, ողջ լույսական համայնքին, որ կառուցել ենք բոլորս միասին։ Ինձ համար պատիվ էր աշխատել ձեզ հետ և շարունակաբար սովորել ձեզնից։
Վերջին շաբաթների ընթացքում ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր Հայաստանի վրա, որտեղ ծավալվող աննախադեպ իրադարձությունները հանգեցրին իշխանափոխության՝ պահպանելով խաղաղ բնույթն ու փոխըմբռնման մթնոլորտը։ Այս ձեռքբերումը բոլորի հաղթանակն է, որը թույլ է տալիս, որ միասին կերտենք Հայաստանի ապագան։ «Հայաստանը պարգևատրում է խիզախներին»։ Սա տեղի ունեցածի լավագույն նկարագիրն է, որ գալիս է մտքիս, և որը ես փոխառել եմ GK Brand Armenia-ից։ Այսօր՝ մայիսի 10-ին, «Լույսի» աշխատակազմին և ինձ ծանուցում է ներկայացվել մեր աշխատանքի դադարեցման մասին։ Ցանկանում եմ վստահեցնել «Լույսի»՝ ուսումը շարունակող կրթաթոշակառուներին և 2018-2019 ուստարվա համար արդեն դիմած երիտասարդներին (Կրթաթոշակի ծրագրի պայմաններին բավարարող), որ նրանց այս տարի ևս կշնորհվի կրթաթոշակ։
Այս մասին պաշտոնական հաղորդագրություն կտարածվի շուտով։ Փոփոխությունը զարգացում է։ Այն իր հետ բերում է առաջին հերթին մտածողության և ուժի փոփոխություն։ Այն սովորեցնում է շնորհել, ստանալ և ստեղծել։ Ինչպես ասվում է «Լույսի» կարգախոսում՝ Սովորել, Գործել, Համաստեղծել։ «Լույսը» կատարել է իր խոստումը վերջին ինը տարիների ընթացքում։ Այսօր ծնվում է նոր ժամանակաշրջան։ Եկենք հիշենք, որ գիտելիքն ուժ է և դեպի զարգացում տանող ուղի, երբ համակցվում է խաղաղության և փոխվստահության հետ։ Հայաստանը պետք է անպայման շարունակի ներդրում անել կրթության մեջ։ Գիտելիքի և երիտասարդության մեջ արվող ներդրումը զարգացած Հայաստան ունենալու միակ ճանապարհն է։ Խորապես համոզված եմ, որ աշխարհի առջև ծառացած ներկա և ապագա բոլոր խնդիրների լուծման հիմքում կրթությունն է։ Այսօր ես դադարում եմ գործել որպես «Լույսի» կրթական ծրագրի գործադիր տնօրեն՝ երախտագիտությունս հայտնելով բոլոր հայրենակիցներիս և ապագայի հանդեպ մեծ վստահությամբ լցված։
Ժաքլին Կարաասլանյան
«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի հիմնադիր-գործադիր տնօրեն
Ի՞նչպես հասկանալ։ Այն ընկերությունները ,որոնք մինչ այժմ ֆինանսավորել էն , այլևս իրենց սնա՞նկ են ճանաչում․ Փող չկա՞, թե դա անում էին միայն Նախագահի և Վարչապետի կողմից արտոնություններ վայելելու համար ,և ոչ՛ Համայն Հայության համար , ինչպես ժամանկին հորջորջում էր Ժակլին Կարաասլանյանը։ Լա՛վ կլիներ վերջապես իմանայինք թե ովքեր էին ֆինանսավորում “Լույս” ծրագիրը։ Անուններով, թափանցիկ։