Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը եւս անիմաստ է համարում Նիկոլ Փաշինյանի կառավարության միջնաժամկետ կամ երկարաժամկետ ծրագրերից խոսել: Բայց, այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կազմակերպած «Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով քննարկման ժամանակ Ռուբեն Մեհրաբյանը նկատեց`Նիկոլ Փաշինյանի կառավարության կարճաժամկետ ծրագրերը վճռորոշ են լինելու: Առաջնայինը, քաղաքական վերլուծաբանը համարում է «խորհրդարանական մեծամասնություն կոչված թյուրիմացության վերացումը պետականության ճանապարհից. դա մի քար է, որը մշտապես խանգարելու է»:
Անդրադառնալով երեկ`ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի`Հայաստանի եւ Արցախի նախագահներին հղած ուղերձին, Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Մազերը սպիտակած մարդու համար ամոթ է եւ սազական չէ»: Դրանում վարչապետին ուղղված խոսք չկար:
Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է սկսի Հայաստանի համար բարեկամներ ձեռք բերել`արտաքին քաղաքական ոլորտում, բայց բարեկամների ձեռքբերումը սկզբունքների հաշվին չպետք է լինի, այլապես դա կբերի նոր դեգրադացիայի:
Մանրամասները`տեսանյութում
Նա եւս կարեւորում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ բանակցային գործընթացում Հայաստանն ինքն իրեն է ներկայացնելու. «Նիկոլ Փաշինյանը շուռ տվեց այն պարադիգման, որի վրա հիմնված էր 1998-ի հեղաշրջումը»: Քաղաքական վերլուծաբանը կարեւոր է համարում այն, որ Նիկոլ Փաշինյանն առաջին ասուլիսը տվեց Արցախում, նաեւ միջազգային լրատվամիջոցների մասնակցությամբ:
Ինչ վերաբերվում է հայ-ռուսական հարաբերություններին, բանախոսի կարծիքով, «ՀՀ նախորդ երկու նախագահներն այնպես չեն թաթախել Հայաստանը ռուսաստանյան շահերով, որ Նիկոլ Փաշինյանն այլ ասելիք ունենա»: Ուստի, նոր որակի ներքին քաղաքականությունը, ըստ նրա, պետք է բերի արտաքին քաղաքականության փոփոխության. «ՌԴ-ի հետ հարաբերությունները մաֆիոզ-կլանային վիճակից պետք է դուրս բերվեն եւ դրվեն ուղղահայաց հարթություն»:
«Իրանի հետ կապված ունենք դատարկախոսության տարիներ եւ զրոյական արդյունք: Կապիտալի եւ բիզնեսի սերտաճման պարագայում ամերիկյան ներդրումները Հայաստանում անհնար էին: Մի քանի պիլոտային ծրագրեր իհարկե կային, բայց արդյունքը`դատարկախոսություն եւ զրոյական»,- ասաց նա`հավելելով, որ ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրն արդեն նախորդ իշխանության համար ինքը համարում է «ժամանակի մեջ երկարաձգված փուլային ինքնասպանության ծրագիր»: Բայց լավ է, որ այն իրականություն դառնալու իրական հնարավորություն է ստանում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ