«Ունենք կայունացած ճգնաժամ»,-սա ՄԱՀՀԻ տնօրեն Ստեփան Սաֆարյանի գնահատականն է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կազմակերպած «Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով քննարկման ժամանակ նա նկատեց` կա հակահեղափոխության հնարավորությունը: Նա չի բացառում, որ ՀՀԿ-ն կփորձի ինչ-որ սցենարներ գործի դնել:
Այլ մանրամասները`տեսանյութում
Ստեփան Սաֆարյանը համամիտ է քննարկման բանախոսների հետ`Ռուսական իշխանության լոյալությունը հայաստանյան իրադարձություններին, նրանց սպասելիքներից են կախված:
«Մենք ունենք մի գործընթաց, որի վառելիքն ու էներգիան տալիս է ժողովուրդը, սա չի կարող իր արտացոլումն ու կոնֆլիկտները չստեղծել արտաքին քաղաքականության ճակատում, որքան էլ Նիկոլ Փաշինյանը հավաստիացումներ տա ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից դուրս չգալու մասին: Հայաստանում ներքին վեկտորներն ուրիշ տեղ են տանում»,- ասաց Ստեփան Սաֆարյանը եւ հավելեց` նկատի ունենալով այս ամենը, զգուշությունը պահանջված է:
Ստեփան Սաֆարյանը հիշեցնում է Վանո Սիրադեղյանի հայտնի խոսքը. «Հայաստանը փոքր արագությունների երկիր է, ոտքը գազին պետք չէ դնել»: Նաեւ հիշեցնում է` «ի վերջո մենք հոկտեմբերի 27 ենք տեսել»:
Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր շատ մեծ հնարավորություն ունի պատմական բան անելու` բանակցային ձևաչափ փոխելու. «Սերժ Սարգսյանը մի քանի անգամ փորձեց, չստացվեց: Նիկոլ Փաշինյանն ունի`եւ իբրեւ ժողովրդի կողմից լեգիտիմություն ունեցող, եւ որպես նոր խաղացող»:
Նա գտնում է, որ այժմ Իլհամ Ալիեւին «սեփական դարպասներից ներս հրավիրելու հնարավորություն» կա, մանավանդ, միջազգային հանրությունը վերջին շրջանում «ատամներ էր կրճտացնում», «Ալիեւի դիրքերը թուլացնելու հնարավորություն կա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ