Այսօր ևս Շիրակի պետական համալսարանի մուտքի մոտ շարունակվեց ցույցը, որով պահանջում են բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը, որը նաև ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատուն է։
Բուհից հեռացված աշխատակիցներին ու ուսանողներին այսօր միացել էին նախկին ռեկտոր, Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդևան Գրիգորյանը, Անահիտ Բախշյանը, Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը, ինչպես նաև բուհի ներկայիս աշխատակիցներ։
Հնչեցին տարբեր ելույթներ, ուսանողներից ոմանք դժգոհեցին, որ բուհի ֆինանսական միջոցներն անտեղի վատնվում են, որի պատճառով էլ ուսանողների վարձավճարները չեն զեղչվում։ Նրանք պատասխանեցին նաև բուհի աշխատակիցների կողմից՝ ի պաշտպանություն ռեկտորի ՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակին:
«Բուհի ղեկավարության կողմից հանրահայտ կազմակերպված ստորագրահավաքը, բուհը ունի մոտ 500 աշխատակից և 164 աշխատակիցներով խոսել սպառնալիքների լեզվով և կրկնակի ստորագրություններով, խոսել ամբողջ բուհի անունից և ներկայացնել, որ բուհում ամեն ինչ իդեալականին մոտ վիճակ է, իմ կարծիքով՝ աբսուրդ է, եթե ոչ զավեշտ։ Դիմում են երկրի ղեկավարին՝ կատարելով տարրական կեղծիք, կրկնելով ստորագրությունները։ Բացի այդ, մեր բուհի արհմիությունը դադարեցնում է համագործակցությունը հանրապետական արհմիության կառույցի հետ, այսպես որ շարունակվի, մեր արհմիությունը կարող է դադարեցնել համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանի հետ, կրթության և գիտության նախարարության հետ և, ֆանտաստիկ ապագայում՝ կարող է պատկերացնենք, որ կդադարեցնի համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ»,-ասաց ուսխորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը։
Ելույթ ունեցավ բուհի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի երիտասարդ դասախոս Աստղիկ Հայրապետյանը, որը քննադատեց ռեկտորի կադրային քաղաքականությունը, այն, նրա բնութագրմամբ՝ զարմանք ու զայրույթ է հարուցել, դուռ է բացել առանձին մարդկանց առջև՝ աննախադեպ կամայականություններ կատարելու։
Ելույթ ունեցավ նաև բուհի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը, որը բավական վրդովված էր իր հասցեին հնչող վարկաբեկումներից։ Նա անուն առ անուն խայտառակեց այն աշխատակիցներին, որոնք, իր բառերով ասած, քծնել են ներկայիս ռեկտորին, որոշները նաև դավաճանել են իրեն։ Նա ասաց, որ պաշտոնավարման 14 տարիների ընթացքում չի թույլ տվել, որ որևէ մեկը ստրկանա, դառնա գործիք։ Հետաքրքիրն այն է, որ նախկին ռեկտորը ներկա ռեկտորի մասին խոսելին անուն-ազգանունն ամբողջությամբ չէր հնչեցնում՝ այլ ասում էր «Ս․Մ-ն»։
Վարդևան Գրիգորյանի ելույթի պահին իր անունը դավաճանների ցուցակում լսելով՝ եկավ բուհի աշխատակիցներից մեկը՝ Ազատ Մաթևոսյանը, սակայն ցուցարարները չթույլատրեցին նրան մոտենալ՝ նշելով, որ չեն տրվելու սադրանքներին։
Վարդևան Գրիգորյանը քննադատեց կրթության և գիտության նախարարությանը՝ ասելով, թե չի հասկանում՝ ինչն է պատճառը այս կառույցի հանցագործ լռության, երբ 7 ամիս շարունակ խոսվում է բուհում կատարվող ապօրինություններից։ Նա նաև մեղադրեց որոշ աշխատակիցների՝ ֆիզկուլտուրայի ֆակուլտետը քայքայելու համար ու ասաց, որ մի քանի տարի հետո այլևս չենք ունենալու Արթուր Ալեքսանյաններ։
Ի դեպ, ելույթ ունեցավ նաև հավաքարարներից մեկը, որը հայտարարեց, թե ռեկտորը իրեն ևս ապօրինաբար հեռացրել է աշխատանքից։ Նա ևս պահանջեց ռեկտորի հրաժարականը։
Ելույթ ունեցավ նաև Անահիտ Բախշյանը, որն ասաց՝ ինքը վաղուց ու քայլ-քայլ հետևել է այս բուհում տեղի ունեցող իրադարձություններին։
«Տեսնում եմ մի «ղեկավարի»՝ ի դեմս Սահակ Մինասյանի, որը կարծում է, թե Հանրապետականի ժամանակն է։ Ինքը դեռ տաք է, չի հասկանում, որ վերջացավ, ինքը չպիտի թողներ այս պահին, ավելի պատվավոր ձևով, սուսուփուս գրեր, գնար։ Ինքը համառում է, ասում է՝ ես չեմ տա հրաժարական, մենք էլ ասում ենք՝ կտաս, էն էլ ոնց կտաս։ Կարո՞ղ է դու Սերժից ուժե՞ղ ես, կարո՞ղ է դու ավելի կարող էիր, ավելի մեծ իշխանություն ունեիր, քան Սերժը։ Սերժը ոչ միայն գնաց, այլ ասաց՝ Նիկոլ, դու ճիշտ էիր»։
Անահիտ Բախշյանը դիմեց բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանին՝ անհապաղ գալ, հոգաբարձուների խորհրդի նիստ գումարել ու հեռացնել Սահակ Մինասյանին։ Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ չեն հեռանա մինչև չգա Ֆելիքս Ցոլակյանը։
Քիչ անց Ֆելիքս Ցոլակյանը հեռախոսազրույց ունեցավ Անահիտ Բախշյանի հետ՝ ասելով, որ վաղը հանդես կգա հայտարարությամբ։
Տիկին Բախշյանը դիմեց նաև ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով՝ շատ արագ արձագանքել, քանի որ 7 ամիս շարունակ նա լսում է Գագիկ Համբարյանի ու Հովհաննես Խորիկյանի հայտարարությունը բուհում տեղի ունեցող ապօրինությունների մասին ու բացարձակ ոչ մի գործ չի արել։ Բանախոսը հիշեցրեց, որ սա արդեն նոր Հայաստանն է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Когда-то её выдвинули на общественную работу и с тех пор никак не могут задвинуть обратно…