Գալիս է այն պահը, որ ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը կդառնա հայաստանակենտրոն եւ նախահարձակ կլինի: Մթնոլորտը ձեւավորվել է: Այս կարծիքին է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, վերլուծաբան Գեւորգ Մելիքյանը: Այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կազմակերպած «Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով քննարկման ժամանակ նա նկատեց`Հայաստանի վարկանիշն աճել է ու Հայաստանը չի առնչվում միայն Ցեղասպանության եւ Արցախի հետ: Հայաստանը օրինակ է դարձել նորագույն ձեւերով ժողովրդավարությունը գործի մեջ դնելու: Վերլուծաբանը շատ կարեւոր է համարում այս ալիքը կապիտալի վերածել`հնարավորություն տալով Հայաստանին անկախ եւ ինքնուրույն սուբյեկտի վերածել:
Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը քաղաքագետը նոր բան չի համարում: Հիշեցնում է`Սերժ Սարգսյանը նման մի քանի անհաջող փորձեր, կամ հայտարարություններ արեց: Բայց, ասում է` «կոնցեպտուալ բան է փոխվում»: Նկատում է`Արցախը առանձին խաղալ չի կարող, դա առանց համաձայնեցման լինել չի կարող, այլապես առերեսում կլինի Ադրբեջանի հետ: «Սահմանի վրա իսկապես կուտակումներ կան, սպասում են հարմար պահի, դա կասեցվում է Մոսկվայի կողմից: Ինչո՞ւ չի թողնում Մոսկվան, ի՞նչ է ակնկալում դրա դիմաց: Մայիսի 14-ի հանդիպմանը պարզ կլինի, թե ի՞նչ է տալիս Նիկոլ Փաշինյանը քաղաքական մոնստր Պուտինին»,- ասաց վերլուծաբանը`հույս հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանն այդ հանդիպմանը շատ պատրաստված կգնա:
Ադրբեջանն իր հարյուրամյակն է նշում. վերլուծաբանը կարծում է, որ թերեւս Ադրբեջանը ձեռնպահ կմնա ռազմական գործողություններից: Նաեւ`առջեւում աշխարհի ֆուտբոլի առաջնությունն է: «Մենք ունենք մեկ-երկու ամիս Հայաստանի արտաքին քաղաքականության փոշին թափելու եւ նոր իրողությամբ առաջ գնալու»,- կարծում է Գեւորգ Մելիքյանը:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ