«Ֆելիքս Ցոլակյանի դիրքորոշումը Նիկոլ Փաշինյանի հարցով, անկեղծ ասած, ինձ համար անակնկալ էր: Նախօրոք տեղյակ էի, իհարկե, ոչ թե այդ պահին էր անակնկալ, ուղղակի առաջին անգամ իր տպավորությունը հայտնելուց հետո, իրոք, ինձ համար անակնկալ էր, բայց դա իր դիրքորոշումն է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Տեսակետներ կան, հատկապես սոցցանցերում է շրջանառվում այդ վարկածը, որ իրականում Ֆելիքս Ցոլակյանի՝ մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելը համաձայնեցված քայլ էր ՀՀԿ-ի հետ, ավելին՝ ՀՀԿ-ի կողմից հրահանգավորված է նա այդ քայլին դիմել. հաշվի առնելով, որ Ֆելիքս Ցոլակյանը բոլորովին էլ պատահական մարդ չէ, ԱԱԾ պետի տեղակալն է եղել, իսկ այդ ծառության աշխատակիցները «նախկին» չեն լինում, կասկածներ կան, որ ՀՀԿ-ն նրան, այսպես ասած, «գործուղել» է հեղափոխականների շարքերը՝ կարեւոր ինֆորմացիաներ հավաքելու:
Այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Սա իմ հայտնաբերած 3071-րդ ստահոդ հայտարարությունն ու սուտն էր, հաշվել եմ: Այդ 3071-ից 5-ը կապված էր ինձ հետ: Գոնե մեկը ճիշտ լիներ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ