Այսօր Երեւանի քաղաքապետարանի մոտ ընդդեմ Տարոն Մարգարյանի բողոքի ցույցի ժամանակ մի քաղաքացի՝ Արայիկ Սաղաթելյան անունով ներկայացած, որոշեց հացադուլ անել: Ցույցի ընթացքում նրա նյարդերը տեղի տվեցին եւ նա բավականին զայրացած, վրդովված հայտարարեց՝ «Վսյո, հացադուլ եմ անում, ես էլ Զարուհի Փոստանջյանի հրաժարականն եմ պահանջում»:
Ապա այս քաղաքացին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վերաբերյալ ասաց. «Մեր քաղաքապետն ընտիր քաղաքապետ է, նորմալ աշխատում է: Էդպես ոնց կլինի, կառուցողական պիտի լինի: Տարոն Մարգարյանը հայ ժողովրդի լավագույն զավակն է, նա Անդրանիկ Մարգարյանի որդին է, իսկական երեւանցի է, Տարոն Մարգարյանը պետք է աշխատի»:
Հետո Արայիկ Սաղաթելյանն ասաց, որ Մարգարյանից առաջ որեւէ այլ քաղաքապետ ներկայիս քաղաքապետի չափ գործ չի արել: Aravot.am-ի այն հարցին, թե՝ քաղաքապետի հատկապես որ աշխատանքն է առավել գնահատում, ցուցարարը պատասխանեց. «Որ ամբողջ հայ ժողովրդի մայրերը գոհ են»:
Այս քաղաքացին մի պահ վարանեց, չէր կողմնորոշվում՝ հացադուլ անի՞, թե՞ նստացույց, մեկ րոպե հետո էլ ասաց, որ դեռ չի որոշել՝ ընդհանրապես կանի՞ հացադուլ կամ նստացույց:
Այս բողոքի ակցիայի ժամանակ մի շարք քաղաքացիներ ելույթներ ունեցան, նշելով այն խնդիրները, որոնց իրենք հանդիպել են քաղաքապետարանի հետ առնչվելիս:
Ապա ելույթ ունեցավ Երեւանի քաղաքապետարանի ավագանու «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանը:
«Տարոն Մարգարյանն ապօրինի է, նա այդ աթոռը բռնազավթել է կանանց ծեծելով: Տարոն Մարգարյանը պետք լքի այս շենքը»,-ասաց Խաչատրյանը:
«Նրան ասում եմ՝ կարող է մի փոքր տեստոստերոնի դոզա ընդունել եւ իջնել այստեղ, ես դա որպես բժիշկ եմ ասում: Տարոն Մարգարյան, իջիր այստեղ, ժողովուրդն է պահանջում, մի քիչ տղամարդկություն ունեցի, եւ մի վախեցիր»,-ասաց Մարինա Խաչատրյանը:
Ապա ցույցի կազմակերպիչները Խաչատրյանին հորդորեցին առանց վիրավորելու եւ պիտակավորելու խոսի, ինչին ի պատասխան Խաչատրյանն ասաց, որ ինքը որպես բժիշկ է խոսում՝ Մարգարյանի տեստոստերոնի քանակի մասին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ