Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանին պետք չէ մենակ թողնել ու ասել, թե Նիկոլն եկել է, ամեն բան կանի». Լարիսա Ալավերդյան

Մայիս 10,2018 15:54

«Ամենակարևոր ակնկալիքը նոր իշխանություններից արդարադատության և իրավունքի գործարկումն է»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ագգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նա տեղեկացրեց, որ այս օրերին առաջարկություններ է գրում և ուղարկում, որոնք կարող են օգտագործվել նոր կառավարության կողմից:

Ըստ տիկին Խառատյանի՝ այս պահին պիտի լինի կոնսենսուսային, համադրված կառավարություն. «Ոստիկանությունը և ՊՆ-ն առանձնահատուկ ոլորտներ են: Նիկոլ Փաշինյանը կներկայացնի կառավարության՝ իր ամբողջական կազմը, հետո դրանում կլինեն փոփոխություններ: Սրանք հավանաբար կլինեն ներքին խոհանոցային քննարկումներ, բայց ցանկալի է, որ հանրային իրազեկման այն ոճը, որ որդեգրվել էր հեղափոխության օրերին, պահպանվի, քանի որ միայն դա կարող է հստակեցնել ու ավելացնել վստահությունը նոր կառավարության նկատմամբ»:

Բնապահպան Կարինե Դանիելյանն ուզում է, որ նոր իշխանությունները զբաղվեն էկոլոգիական խնդիրներով. «Մինչ այժմ առաջնահերթը եղել է մի խումբ մարդկանց հարստացումը: Իսկ արագ կարելի է հարստանալ հանքարդյունաբերության և քաղաքաշինության ոլորտներում»:

Կարինե Դանիելյանը հայտարարեց, թե կոնֆլիկտ ունի առողջապահության և բնապահպանության նախարարների հետ, այդ մասին տեղեկացրել էր Սերժ Սարգսյանին, բայց շարժումից տասն օր առաջ, երբ հանդիպում է եղել հանրային խորհրդի անդամների հետ, նա չի ընդունել այդ դժգոհությունը:

Տիկին Դանիելյանը հայտնեց, որ փորձագիտական հանրությունը մի շարք նյութեր է պատրաստել և նշեց, թե կուզեր, որ նոր կառավարությունն աշխատեր փորձագիտական հանրության հետ:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը նշեց, թե պետք չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մենակ թողնել. «Ցանկացած զարգացած պետությունում որոշումը չի ընդունվում զուտ հերոսի կողմից: Պետք չէ ասել, թե Նիկոլն եկել է և ամեն ինչ կանի: Պետք չէ նրան մենակ թողնել: Եթե ժողովուրդն ուզում է փոփոխություն մտցնել, նախևառաջ փորձագիտական փաթեթներով պետք է հանդես գա՝ օգնելով կառավարությանը: Նաև պետք է ստուգող հանձնաժողովներում ընդգրկված լինի: Եթե ոչ, ապա մենք ոչ թե իշխանափոխություն, այլ իշխանավորների փոփոխություն կունենանք»:

Տիկին Ալավերդյանը նշեց, թե աքսիոմատիկ ճշմարտություն է, որ կառավարման համակարգում պետք է տալ ռազմավարությունը և այնտեղից բխեցնել անգամ կառավարության կազմը. «Պահանջարկ պետք է ստեղծվի ռազմավարության մեջ և նոր հավաքվի աշխատակազմը: Հիշեցնեմ, որ բոլոր դեպքերում նախարարները քաղաքական պաշտոններ են, և մնացյալն արդեն այդ քաղաքականությանն ի պատասխան է: Որակյալ մասնագետները պետք է ընդունվեն՝ բխեցնելով էլի ռազմավարական նպատակներից և այն խնդիրներից, որոնք պետք է դրվեն: Հուսամ՝ այդպես պետք է մոտենա նոր կառավարությունը, ոչ թե կադրերին հավաքի ու տեսնի՝ ով ինչ է ունակ անել, մանավանդ կուսակցությունների բաշխումը, այլ պետք է այդ ամենը ռազմավարական լինի՝ տնտեսական, սոցիալական, մշակութային, էկոլոգիական խնդիրները վերանայվեն, էլ չեմ ասում արտաքին վտանգներից պաշտպանությունը: Կտեսնենք՝ նո՞ր է արդյոք մոտեցումը, թե՞ շարունակությունն է ընկեր- բարեկամ սկզբունքի: Վտանգը մնում է»:

Կարինե Դանիելյանի համար ընդունելի չէ այն գաղափարը, որ նախարարը միայն քաղաքական պաշտոն է. «Եթե նախարարն այդ ոլորտի լուրջ մասնագետը չէ, ինչպե՞ս է կոլեգիա վարելու, եթե չի հասկանում այն, ինչի մասին նիստերին խոսվում է: Ոլորտում հայտնի, ընդունված մասնագետներին պետք է հաշվի առնեն, իհարկե, քաղաքական բաղկացուցիչն էլ կա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031