Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրահանգ տվող ամենադաժանները պետք է պատիժ կրեն, դա վենդետա չի». Ավետիք Իշխանյան

Մայիս 10,2018 15:15

Այսօր «Մեդիա կենտրոնում խոսելով թավշյա հեղափոխությանը հաջորդած մարտահրավերների մասին՝ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասաց, որ առաջին, երկրորդ փուլերը հաղթահարված են՝ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, բայց դեռ շատ փուլեր կան հաղթահարելու:

Նա փոխանցեց, թե ինչ մտահոգություններ են հայտնում փողոցում իրեն հատկապես մեծահասակները. «Ասում են՝ հիշո՞ւմ ես «Ղարաբաղ» կոմիտեին ինչքան էինք սիրում, հետո ինչ եղավ»: Ըստ նրա, այս մտահոգությունները տեղին են: Հասարակության դերը շատ կարեւոր է. «Մենք պատրաստ ենք մեր առաջարկություններն անել ու օժանդակել, հետո կտեսնենք, թե ինչ կլինի»:

Ըստ Իշխանյանի, ոստիկանությունը, բանակը, դատարանները, դատախազությունը, իրավապահ մարմինները քաղաքական իշխանության ազդեցությունից զերծ լինեն, հակառակ դեպքում պետություն-իշխանություն նույնականացում կլինի:

Ավետիք Իշխանյանն ասաց, այն, որ ոստիկանությունը պետք է դառնա նախարարություն, սա առաջին փոքր քայլն է, հետո պետք է ինստիտուցիոնալ այնպիսի մեխանիզմներ մտածել, որ նրանք զգան իրենց անկախությունը, սովորեն ինչպես պետք է պահեն իրենց զանգվածային միջոցառումների ժամանակ: Ցանկացած խոշտանգման համար պետք է ոստիկանները խիստ պատժվեն, սա երկար գործընթաց է, որը մեր պետությունը պետք է հաղթահարի ու այդ ճանապարհն անցնի:

Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ վենդետա չի անելու, Ավետիք Իշխանյանն ասաց, որ նախորդ իրենց արածերի համար լուրջ քննություն պետք է լինի, դա վենդետա չի. «Գուցեեւ շատերը ուղղակի հեռացվեն համակարգից, մի մասը՝ հրահանգ տվող ամենադաժանները պետք է պատիժ կրեն: Սա շատ կարեւոր հարց է»:

Իշխանյանը հիշեցրեց Նյուրնբերգյան դատավարությունը: Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ հավելեց՝ առանց նյուրնբերգյան դատավարության, Գերմանիան չէր առողջանա: Նրա խոսքով՝ «1988-ից հետո չտրվեց իրավական գնահատական կոմունիստական կառավարման ժամանակահատվածին, դա նպաստեց, որ պրոկոմունիստական ուժերը ռեւանշ վերցնեն: Արդարադատության հիման վրա կայացած որոշում պետք է լինի, երկրորդ փուլից՝ ազատ եւ արդար ընտրություններից հետո պետք է իրավական գնահատական տալ»:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031