Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արցախյան հակամարտության կարգավորման մասին արած հայտարարություններին։
Trend գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական գերատեսչության ներկայացուցիչը, մասնավորապես ասել է. «Ադրբեջանը դեռ հույս ունի, որ Հայաստանի քաղաքական նոր ղեկավարությունը չի կրկնի նախորդների սխալները, կվարի առողջ դիվանագիտական քաղաքականություն»:
Հաջիևը նաև ասել է, թե ափսոսում է, որ «Նիկոլ Փաշինյանը բանակցային գործընթացի վերաբերյալ հանդես է գալիս հակասական հայտարարություններով»:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Արցախում հայտարարել է, որ ամեն ջանք գործադրելու է, որպեսզի Արցախը վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Խոսելով հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման մասին՝ նա նշել է, որ հայկական կողմերը միշտ էլ խաղաղ հանգուցալուծման կողմնակից են, իսկ Ադրբեջանը մշտապես օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն: Փաշինյանը նաև շեշտել է, որ քանի դեռ Ադրբեջանն օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն, փոխզիջումների մասին խոսք լինել չի կարող: Հայաստանի վարչապետի խոսքով՝ Ադրբեջանից պետք է հստակ ուղերձ լինի, որ Բաքուն ճանաչում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ