Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հեղափոխական ալիքի վրա ձեւավորված կառավարությունը պետք է քաղաքական համակիրների թիմ ներկայացնի». Հովհաննես Մանուկյան

Մայիս 10,2018 14:31

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր «Հայելի» ակումբում ասաց, որ առաջին եւ գլխավոր խնդիրը, որ այսօր կարող ենք արձանագրել, այն է, որ հանրության մեջ առաջացել է հույսի զգացողություն՝ դեպի վաղվա օրը: Սա ամենակարեւոր ձեռքբերումն ու կապիտալն է, որն իրավունք չունենք կորցնել կամ արժեզրկել:

Հարցին՝ կառավարության կազմի հետ կապված ի՞նչ եք կարծում, պե՞տք է նախկիններին ընդունել, փորձը հաշվի առնել, թե՞ չէ եւ եթե ձեզ առաջարկ լինի, կառավարության կազմում կընդգրկվե՞ք՝ Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «Ես չի, որ պիտի կառավարության կազմի հետ կապված խորհուրդ տամ շարժման առաջնորդին ու նոր վարչապետին: Ըստ իս, այս իրավիճակում, հեղափոխական կարելի է անվանել իրավիճակը, այս ալիքի վրա ձեւավորված կառավարությունը պետք է քաղաքական համակիրների թիմ ներկայացնի իրենից: Սա չի նշանակում, թե այս կառավարությունում չեն կարող լինել տեխնոկրատներ, նաեւ քաղաքական համաձայնությունների արդյունքում առանձին քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, բայց գլխավոր հանգամանքն այն է, որ նոր թիմը պետք է լինի համակիրների թիմ, մարդիկ, որոնք մտածում են նույն կերպ, նույն նպատակներն ունեն իրենց առջեւ դրված: Մեր նախորդ կառավարությունների նախորդ թիմերը, որ ունեցել ենք, մի խնդիր են ունեցել՝ լուրջ պրոֆեսիոնալներ են աշխատել այնտեղ, բայց չի եղել այնպիսի իրավիճակ, որ դա քաղաքական համակիրների կուռ թիմ էր, որն իր առջեւ դրված խնդիրները կարող էին լուծել թիմային սկզբունքով: Ավելի շատ պրոֆեսիոնալների կաբինետներ էին, ամեն մեկը պատասխանատվություն էր զգում միայն իր ոլորտի համար»:

Ըստ Հովհաննես Մանուկյանի, նախարարները, կառավարության անդամները, ճիշտ է, կուսակցական էին, բայց ոչ գաղափարապես, վերջին իրադարձություններն էլ փաստեցին. «Քաղաքական թիմում որոշակի տարաձայնություններ արձանագրվեցին, չկար միասնականություն: Վատ էր, թե լավ՝ թողնենք մի կողմ: ՀՀ անկախությունից հետո, մինչ օրս մենք չենք ունեցել կայացած կուսակցական համակարգ, կայացած քաղաքական համակարգ: Այն քաղաքական ուժը, որն այդ պահին եղել է իշխանություն, իր շուրջը հավաքել է ողջ ռեսուրսը՝ կադրային, նյութական, ադմինիստրատիվ: Ոչ թե հավաքվել են կուսակցության շուրջ, այլ՝ իշխանության»:

Հարցին՝ ՊՆ նախարարը հրաժարական տվեց, դա ճի՞շտ է այս անցումային փուլում՝ Մանուկյանը պատասխանեց, որ պրոֆեսիոնալները պիտի մնան իրենց պաշտոններում, բայց երբ խոսք է գնում քաղաքական մակարդակի պաշտոնների մասին եւ քաղաքական անձանց մասին, նաեւ հայեցողական պաշտոնների մասին, այստեղ մտահոգությունները կապված այսպես կոչված կադրային ջարդի հետ, անտեղի են:

Հարցին՝ բողոքի ցույցերի ընթացքում, իշխանություններն ասում են, որ եղել են սահմանադրական նորմերի, օրենքների խախտումներ, որպես իրավաբան ի՞նչ կասեք, այդտեղ խախտում նկատե՞լ եք՝ Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «Չեմ բացառում, որ եղել են նման երեւույթներ, բայց ես չեմ կարծում, որ դա այսպիսի կարեւոր իրադարձային մթնոլորտում եւ միջավայրում կարող է այդպիսի հարցադրումը ազդել որեւէ գործընթացի վրա: Համաժողովրդական ալիքների ժամանակ բնականաբար, որոշ օրենքներ՝ վարչական բնույթի, կամ այլ՝ խախտվում են: Ես այդ խնդիրը չեմ կարեւորում»:

Հովհաննես Մանուկյանն ասաց, որ նոր կառավարության առջեւ ծառացած խնդիրները բազմազան են եւ պետք է արագ ձեռնամուխ լինել այդ խնդիրների լուծմանը՝ սկսած ոստիկանական համակարգից, վերջացրած դատավորների եւ դատական համակարգի գործունեությամբ. «Այո, այսօրվա ոստիկանական համակարգը բավականին բարեփոխված է, չենք կարող համեմատել 15-20 տարի առաջվա համակարգի հետ, բայց, այնուամենայնիվ, հանրության մոտ եւս կա այս պատկերացումը՝ ոստիկանության ռեֆորմը պիտի ավելի հստակ եւ ավելի կտրուկ շարունակվի եւ հասցվի վերջաբանին: Մենք տարիներ առաջ ականատես ենք եղել, թե ինչպես Վրաստանում տեղի ունեցավ ոստիկանության բարեփոխումը եւ դա առաջին կտրուկ քայլն էր նոր իշխանությունների, որը ոչ միայն երկրի համար լրջագույն խնդիրներ լուծեց, նաեւ հանրության վերաբերմունքը էականորեն փոխվեց թե՛ հանրության, թե՛ պետության նկատմամբ»:

Ըստ Հովհաննես Մանուկյանի, դեռ ոստիկանական համակարգը բարեփոխելը բարդ չէ, շատ ավելի դժվար է դատական համակարգի բարեփոխումը. «Հանրությունն ունի անվստահության բավականին լուրջ մակարդակ՝ դատավորների եւ արդարադատության նկատմամբ»:

Նախագահին տրված լիազորությունները, ըստ նախկին նախարարի, պետք է վերանայվեն. «Անկախ Սահմանադրության վերանայման խնդրից, օրենքների մակարդակով նախագահին լիարժեք գործելու հնարավորություն պիտի տանք՝ սահմանելով բավարար մեխանիզմներ, որոնք սահմանադրությամբ սահմանված են այնպիսի կարեւոր ֆիգուրի համար, ինչպիսին է պետության գլուխը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031