Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյանը հրապարակում է քաղբանտարկյալների ցանկը. Սամվել Բաբայանին, Սեֆիլյանին ու Գ. Սաֆարյանին արդարացնել

Մայիս 10,2018 14:15

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին, բայց թե ինչպե՞ս է որոշվելու՝ ովքեր են քաղբանտարկյալ՝ այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասաց. «Այսօր ամենահրատապ հարցը քաղբանտարկյալներն են: Մենք Արթուր Սաքունցի հետ արդեն քննարկել ենք եւ կարող ենք ասել, թե ովքեր են քաղբանտարկյալները. Անդրիաս Ղուկասյանն արդեն ազատ արձակվեց: Նրանից բացի, քաղբանտարկյալներ են Շանթ Հարությունյանն իր ընկերներով, որի պատիժն անհամաչափ էր, վատագույն դեպքում վարչական պետք է լիներ պատիժը, Հայկ Կյուրեղյանը, որի պատիժը չափազանցված էր, որովհետեւ դա կարող էր դիտվել քրեական հանցագործություն, բայց չափազանցված էր, դա հստակ քաղաքական հետապնդում կարելի է համարել: Քաղբանտարկյալների մեջ կարելի է համարել Արարատ Խանդոյանին, այն 3 տարին, որ տվել են, էլի չափազանցված է, Կարո Եղնուկյան, հիմա արդեն՝ Գարեգին Չուքասզյան, Ժիրայր Սեֆիլյան եւ Գեւորգ Սաֆարյան, Սամվել Բաբայան: Հատկապես վերջին երեքը՝ Սեֆիլյան, Սաֆարյան, Սամվել Բաբայան՝ սրանք ընդհանրապես սարքովի գործեր են, այս խումբը պետք է արդարացվի՝ ի տարբերություն մյուս գործերի: Ես այդ կարծիքին եմ»:

Ինչ վերաբերում է «Սասնա ծռերին», Ավետիք Իշխանյանն ասաց, որ այստեղ պետք է իրադրության փոփոխություն հոդվածը կիրառել եւ մի մասին ազատ արձակել, կամ պայմանական ազատել, բացի ոստիկանության հետ կապված սպանությունների հարցերից, որտեղ պետք է արդար դատավարություն:

Իսկ Արթուր Սաքունցն ասաց, որ Շանթ Հարությունյանի ու ընկերների համար պետք է վաղաժամկետ ազատման ինստիտուտը կիրառել, կամ դատախազը պետք է նոր ի հայտ եկած հանգամանքներով մտնի ու գործը փոխի: Նա ասաց, որ որոշների խափանման միջոցը պետք է փոխել, բայց այս ողջ գործընթացը պետք է արվի իրավական մոտեցմամբ: Ոչ իրավական մոտեցմամբ ազատություն տալը ոչնչով չի տարբերվի ոչ իրավական մոտեցմամբ ազատությունից զրկելուց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031