Պաշտոնական Թել Ավիվը հայտարարել է, որ իրանցի զինվորականները հրթիռակոծել են Գոլանի բարձունքի իսրայելական դիրքերը: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ հինգշաբթի՝ մայիսի 10-ին, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկները շուրջ 20 հրթիռ են արձակել: Իսրայելական կողմը որսացել է հրթիռներից մի քանիսը, հրթիռակոծման հետևանքով զոհեր չկան:
Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր տարածաշրջանում իրանական ուժերի անսովոր ակտիվության մասին: Գոլանի բարձունքում տեղակայված իսրայելցի զինվորականները բերվել էին մարտական բարձր պատրաստության վիճակի, իսկ բնակիչների համար բացվել էին ռմբապաստարաններ:
Սիրիական պետական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի տարածքին, հրթիռների մի մասը հասել է նշանակետին՝ ոչնչացնելով սիրիական հակաօդային ուժերի դիրքերը և զենքի պահեստ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ