Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Ասատրյանին առաջարկվե՞լ է պաշտոն նոր կառավարությունում

Մայիս 10,2018 13:55

ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի համոզմամբ՝ ներկայիս ԱԺ-ն ձևավորվել է կրիմինալ ոլորտի գործողությունների արդյունքում:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Ասատրյանը հավաստիացրեց՝ կտրականապես դեմ է, որ հաշվեհարդար լինի. «Ես այն սերնդի ներկայացուցիչն եմ, որ իշխանությունից դուրս եկավ, բայց այն հատվածը, որն իշխանությունը վերցրել էր, առաջին խնդիրը դրեց նախկիններին վերացնելը: Մեր տիպի հասարակությունները նման բան մարսել չեն կարող»:

Դառնալով ժամանակավոր կառավարության ձևավորմանը՝ պարոն Ասատրյանը նշեց, թե ժողովրդի ներկայացուցիչներն այս իշխանությանը տեսք պիտի տան, ինչը ծանր ու բարդ գործընթաց է, բայց պետք է ընթանա ՀՀ Սահմանադրությանը համապատասխան: Թեև ըստ պարոն Ասատրյանի՝ այդ փաստաթուղթն անհեթեթությունների ժողովածու է. «Այն փորձել են կարել ինչ-որ մեկի հագով: Սրա գաղափարախոսությունը ՀՀ-ում խանականության հաստատումն է»:

Այն, որ ՀՀԿ-ն հայտարարել է, թե դառնում է ընդդիմություն, ըստ պարոն Ասատրյանի՝ դա էլ է հակասում իրենց իսկ գրած սահմանադրությանը. «Կայուն մեծամասնությունը իշխանություն ձևավորելու մեծամասնություն է, որն իր կառավարության հետ պետք է ծրագրեր իրականացներ: Ամենացայտուն հակասություններից մեկն է, որ այս սահմանադրությունը դրել է մեր առջև»: Լրագրողների դիտարկմանը՝ գնահատանքի արժանի է նաև այն, որ իշխանությունն առանց արյան փոխանցեց իշխանությունը, պարոն Ասատրյանն արձագանքեց. «Հանգիստ չեն փոխանցել, պարզապես փամփուշտն էր պրծել: Դա նույն իշխանությունն է, որը գնդակահարել է մարդկանց մարտի 1-ին: Իշխանության որակը, ցավոք, չի փոխվել: Չեմ լսել, որ ՀՀԿ որևէ ներկայացուցիչ վեր կենա և ներողություն խնդրի մարտի 1-ի համար: Եթե ժողովուրդը ջարդվեր, ասելու էին, թե մեկ էլ հանկարծ որևէ մեկդ չփորձի, մենք դեռ 20 տարի էլ իշխանության ենք նստելու»:

Ըստ պարոն Ասատրյանի՝ հասկանալի է, որ այս կառավարությունը պիտի լինի ժամանակավոր. «ՀՀ-ում տասից ավելի նախարար չպետք է լինի: Հասարակությունն այդքան միջոց չունի, որ այդ մարդկանց պահի այնպես, ինչպես պահում էր: Ժամանակավոր կառավարության ձևավորման խնդրում պետք է հնարավորինս պահպանողական լինել: Տնտեսական բլոկի մասով հնարավորինս քիչ փոփոխությունների պիտի գնալ: Սաբոտաժ, դեմարշներ. անվտանգության ոլորտի ներկայացուցիչների պահվածքն այլ կերպ անվանել չեմ կարող»:

Հարցին՝ իրեն առաջարկե՞լ են լինել նոր կառավարության կազմում, պարոն Ասատրյանը պատասխանեց. «Խորհուրդ կտամ 35 տարեկանից բարձր անձանց չներգրավել: Որակյալ, լիարժեք կրթություն ստացած երիտասարդների թիմ է այս տարիներին ձևավորվել. խորհուրդ կտամ նրանց ներուժն օգտագործել»:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը շեշտեց՝ այն, որ ՀՀ-ն հայտնվել է աշխարհի խոշոր ԶԼՄ-ների կարևոր նորություններում, դրանում կա նաև ՀՀ-ում գործող լրատվամիջոցների մեծ ներդրումը: Պարոն Իգիթյանի տեղեկություններով՝ արդեն Հայաստանով հետաքրքրված են ներդրումային խոշոր համաշխարհային կենտրոններ:

Ըստ նրա՝ ՀՀ-ում բոլոր իշխանություններից ամենակայացածը չորրորդ իշխանությունն է. «Լրագրողների ներդրումը մեծ է, որ արյուն չի թափվել: Թող չասեն, թե իշխանությունները բարի գտնվեցին փոխանցեցին իշխանությունը: Նրանք վախեցան, որ ամբողջ աշխարհը կտեսնի, որ անօրինական ձևով խաղաղ ցուցարարների վրա օգտագործվել է այն զենքը, որը սովորաբար օգտագործում են ահաբեկիչների դեմ: Պատահական չէ, որ այս միջոցները կիրառելուց առաջ լրագրողներից նույն այդ իշխանությանը ծառայողները փորձում էին խլել տեսախցիկները»:

Անդրադառնալով մայիսի 14-ին Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, պարոն Իգիթյանն ասաց. «Փաշինյանը Պուտինի հետ հավասարը հավասարի նման կարող է խոսել: Պուտինը չի կարող իրեն ասել, թե իմ հետևում կա 75 տոկոս ձայն, իսկ դու՝ Սերժ Սարգսյան, ունես 58 կոճակ սեղմողներ, և դու իրենց ես ներկայացնում, ու ինձ մի ասա, որ չեմ կարող սա կամ նա անել, քանի որ ժողովուրդն ինձ կպատժի: Նիկոլ Փաշինյանի վրա կա ժողովրդի ճնշումն ու պատասխանատվությունը: Պուտինը և որևէ այլ մարդ չի կարող նրան ստիպել այս կամ այն բանն անել»:

Հովհաննես Իգիթյանը նաև ընդգծեց՝ ժամ առաջ պետք է զբաղվել դատական իշխանության անկախության և ձևավորման հստակեցմամբ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031