Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Թուխիկյանը իր` նախարար նշանակվելու մասին. «Դա բացառվում է»

Մայիս 10,2018 13:48

Aravot.am-ը Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս է վերաբերվում մշակույթի նախարարի հնարավոր թեկնածուների անունների կողքին իր անվան շրջանառվելուն:

Տիկին Թուխիկյանն ասաց, որ սոցցանցերում չկա եւ չի լսել այդ մասին: Ապա հավելեց. «Չէ, չէ… նման բան չկա, դա բացառվում է: Դա իմ գործը չէ: Դա որոշակի հմտություններ պահանջող մի բան է` եւ կառավարչական, եւ այլ…Իմ պարագայում երբեք չի լինի նման բան: Մենք ընտանեկան այլ ծրագրեր ունենք, անկեղծ ասած: Եվ երբ շուտով լրանա թանգարանի իմ պայմանագիրը, ես այն չեմ թարմացնի եւ չեմ մասնակցի մրցույթի: Ես ուրիշ ծրագրեր ունեմ, որոնք էլի մշակույթի հետ են կապված: Ես մեծագույն սիրով կաջակցեմ նոր նախարարին, մանավանդ, որ Թումանյանը նախանշած բաներ ունի, սիրով դա կփոխանցեմ, բայց պաշտոնի ստանձնումը բացառվում է»:

Ինչ վերաբերում է թումանյանական ծրագրերին, տիկին Թուխիկյանը նշեց. «Երաշխավորը եւ պարտավորություն ստանձնողն, անշուշտ, Հայաստանն է, իսկ ընդհանրապես աշխարհասփյուռ հայկական հետքի մասին է գրել Թումանյանը եւ կոնկրետ քայլեր է նախանշել: Պարզապես իր մոտ չստացվեց, թեեւ սկսել էր, բայց բոլշեւիկյան հեղափոխությունը, պատերազմը եղավ, Ցեղասպանություն եւ այլն: Եվ երբ Հայաստանն անկախ էր, ինքը շատ հիվանդ էր, ուղղակի ֆիզիկապես չհասցրեց, բայց ինչ-ինչ մոդուլներ արդեն տվել է թղթի վրա, իր պատկերացումների մասին գրել է Թումանյանը: Դրանք պետք չէ կուրորեն վերցնել, բայց կարելի է կիրառել իբրեւ հուշումներ ապագա նախարարին կամ մշակույթով զբաղվողին»:

Մեր զրույցի ընթացքում մշակույթի նախարարության ներկայիս վիճակին էլ անդրադարձ եղավ:

«Գուցե մտածեն, որ մշակույթի նախարարություն իսկապես հիմա պետք չէ, որովհետեւ այն վիճակում, որ այն կա, ոչնչի չբերող, ոչ մի հարց չլուծող, բյուջեն քամող մի կառույց է… Գուցե մտածվի այլ կառույցներ ստեղծելու, ապակենտրոն ինչ-որ բաներ անելու մասին, սրանք հարցեր են, որ պետք է քննարկվեն գիտակ մարդկանց շրջանակում, հետո պետք է աշխարհի փորձը հաշվի առնվի: Մի բան հստակ է` ես միլիոն տոկոս կարող եմ ասել, որ այն վիճակով, ինչպես մինչեւ հիմա նախարարությունը եղել է իբրեւ կառույց, դա անաշխատունակ, անիմաստ ուռճացված մի բան է, որը ոչ մի առաջադիմության մեջ չի կարող տեղավորվել»,-հայտնեց Հովհ, Թումանյանի թանգարանի տնօրենը:

Տիկին Թուխիկյանը զրույցի վերջում էլ կրկին շեշտեց, որ եթե իրեն առաջարկ արվի, ինքը երբեք չի ընդունի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031