Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին, ուստի այսօր «Հայելի» ակումբում արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ կան մարդիկ, որոնք ՀԿ-ների կարծիքով, հանրության ընկալմամբ քաղբանտարկյալ են համարվում, նրանցից որո՞նց չպետք է ազատ արձակել՝ Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «Մենք պիտի այս պրոցեսներին իրավական շապիկ հագցնենք, հակառակ պարագայում դա ինքնիրավչություն կլինի: եւ ցանկացած այլ իշխանություն կարող է ինքը որոշում կայացնել՝ տվյալ անձը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ: Իրականում քաղբանտարկյալի ձեւակերպման երկու ցուցիչ կա՝ անձը չի կատարել քրեական պատժելի արարք, իրականում քրեական հետապնդումը քաղաքական հայացքների համար է: Երկրորդը, երբ անձը կատարել է քրեական արարք, բայց նրան հետապնդումը շատ ավելի խիստ քրեական հանցակազմի տեսակով է, քան այն արարքը, որն անձը կատարել է: Այս մոտեցումը պիտի հաշվի առնվի: Պիտի մենք հասկանանք, որ եթե այնուամենայնիվ նման իրավական «սխալներ» կամ դիտավորյալ նման բան է տեղի ունեցել, դրա գնահատականը պետք է տանք գործող օրենքներով: Պիտի իրավական գործընթաց լինի՝ դա կլինի համաներում, ներում…մենք այս ընթացակարգը պիտի անցնենք»:
Հովհաննես Մանուկյանն ասաց, որ քրեակատարողականների բեռնաթափման խնդիր էլ կա, քանի տարի է՝ համաներում չի հայտարարվել ու մարդիկ, որոնք ՔԿՀ-ում են ոչ մեծ ծանրության արարքի համար, պիտի հնարավորություն ունենան վերադառնալ հասարակություն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ