«Առավոտի» հարցերին պատասխանում է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը
-Պարոն մարզպետ, ինչո՞ւ դուք էլ որոշեցիք հրաժարականի դիմում ներկայացնել: Շատ մարզպետներ նման որոշում դեռ չեն կայացրել:
-Քանի որ մարզպետի պաշտոնը քաղաքական պաշտոն է, եւ մեր երկրում քաղաքական իրավիճակ է փոխվել, այս առումով ճիշտ չեմ համարում շարունակել աշխատանքը: Որովհետեւ, երբ որ գալիս է այլ քաղաքական թիմ, ես համոզված եմ, որ այդ քաղաքական թիմը պետք է աշխատի իր քաղաքական թիմով, եւ բնականաբար գործընթացների ողջ պատասխանատվությունը պետք է կրի տվյալ քաղաքական ուժը: Եվ այս առումով որոշեցի, որ անպայման որպես քաղաքական պաշտոն ես չշարունակեմ իմ աշխատանքը:
-Իսկ եթե նոր կառավարությունը ձեւավորվի, ու չստորագրի Ձեր հրաժարականի դիմումը, այդ դեպքում կաշխատե՞ք նոր թիմի հետ:
-Չեմ կարծում, որ իմ հրաժարականը չեն ստորագրի: Համենայն դեպս, նաեւ իմ աշխատանքը հետագայում չեմ տեսնում նոր կառավարության հետ: Եվ քաղաքական, եւ բարոյական տեսանկյունից ճիշտ չեմ համարում: Եվ բնականաբար այս գործընթացներից հետո շատ կարեւոր է, որ քաղաքական ուժն ինքը իր թիմը ձեւավորի ու պատասխանատվությունն իր թիմով կրի: Եվ քանի որ ես այդ թիմի անդամ չեմ, այդ քաղաքական ուժի հետ չունեմ անցած ճանապարհ, բնականաբար ճիշտ չեմ համարում հետագա իմ աշխատանքը:
-Իսկ Լոռու մարզպետի պաշտոնում տեսնո՞ւմ եք որեւէ մեկին:
-Որեւէ մեկի անունն այս պահին տալ չեմ կարող: Համենայնդեպս Լոռու մարզը մտավորական մարզ է եւ շատ արժանիներ կան: Ես երբեք ինձ անփոխարինելի չեմ համարել, հաստատ փոխարինողներ կլինեն՝ ոչ մեկը կամ երկուսը: Անուններ չեմ ուզում տալ, բայց վստահ եմ ու համոզված, որ շատ արժանի թեկնածուներ կլինեն:
-Լոռին այս պահին տնտեսական ի՞նչ վիճակում է գտնվում: Ի՞նչ վիճակում եք պատրաստվում այն հանձնել նոր մարզպետին:
-Մենք այս տարիներին մեր աշխատանքը կատարել ենք պատշաճ մակարդակով, Եվ եթե նայենք վերջին տարիների մեր հաշվետվությունները, ապա գրեթե բոլոր ոլորտներում մենք առաջընթաց ենք արձանագրել: Եվ մենք մինչեւ վերջին օրը աշխատելու ենք նույն տեմպով, որպեսզի նոր կառավարության համար երբեք խնդիրներ չստեղծենք: Իհարկե, նման քաղաքական պրոցեսները բացասական ազդեցություն են ունենում բոլոր ոլորտների վրա, բայց ես համոզված եմ, որ կարճ ժամանակում կարող են հաղթահարել նաեւ այդ բոլոր դժվարությունները:
-Պարոն Նալբանդյան, իսկ հեղափոխության մասին ինչ կասեք: Արդյոք նման արդյունքը սպասելի՞ էր:
-Այն, որ մեր երկրում, այդ թվում եւ մեր մարզում խնդիրները շատ էին, եւ միայն մեր մարզում 30 տոկոսից ավելի աղքատության մակարդակ ունեինք, բնականաբար չէր կարող իր բացասական ազդեցությունը չունենալ այս քաղաքական պրոցեսների վրա: Եվ իհարկե, մարդկանց մոտ կար նաեւ տեղին ու լուրջ դժգոհություն: Մարդիկ հույսեր են կապում այլ քաղաքական ուժի հետ, որովհետեւ ինչքան էլ մենք ասենք, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, ասենք, որ այո՛ մենք ամեն տարի տնտեսության զարգացման առաջընթաց ենք արձանագրել եւ այլն, համենայն դեպս այդ մարդկանց երեւի թե տեմպերը չէին գոհացնում: Ինչ-որ տեղ նաեւ այդ տեմպերը մեզ էլ չէր գոհացնում: Բայց դա ունի իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները: Ես այն կարծիքին եմ, որ նոր կառավարության համար էլ է դժվար լինելու, որովհետեւ տնտեսության թռիչքաձեւ զարգացումը դժվար է լինելու մեր իրավիճակում, որովհետեւ ՀՀ-ն, գիտենք, թե ինչ աշխարհաքաղաքական իրավիճակում է գտնվում, եւ ընդհանուր առմամբ աշխարհն ինչ իրավիճակում է գտնվում՝ թե՛ տնտեսական, եւ թե՛ ռազմաքաղաքական: Այնպես որ հեշտ չի լինելու: Համենայն դեպս, ժողովրդի մոտ կար մի փոքր այդ դժգոհությունը, Եվ թե՛ քաղաքական ճգնաժամը, թե՛ սոցիալական բունտը գումարվեց իրար, եւ այսօր տեղի ունեցավ իշխանափոխություն:
-Հետագայում, պետական այլ պաշտոններում տեսնո՞ւմ եք Ձեզ:
-Հետագան ցույց կտա, բայց պետական պաշտոններում՝ չեմ կարծում:
-Այդ դեպքում ինչո՞վ եք պատրաստվում զբաղվել:
-Կզբաղվեմ իմ անձնական գործերով: Մի փոքր էլ կհանգստանամ:
-Պարոն մարզպետ, մարզի ժողովրդին ի՞նչ կասեք: Շատ են դրական ու բացասական կարծիքները Ձեր հրաժարականի հետ կապված:
-Քանի որ ես իմ դիմումը դեռ չեմ գրել, ու մոտ օրերս, երբ որ կզգամ կառավարությունը ձեւավորման ավարտական փուլում է, ես դիմումս կգրեմ, եւ անպայման խոսքով կդիմեմ իմ լոռեցի բնակչությանը: Եվ իմ խոսքի մեջ կհասցնեմ դեռ ամեն ինչ ասել, նաեւ շնորհակալություն հայտնել մեր համատեղ աշխատանքի ու համագործակցության համար:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ