Deutsche Welle հեղինակավոր պարբերականը «Հայաստանի խաղաղ հեղափոխությո՞ւն» խորագրով հարցազրույց է հրապարակել՝ անդրադառնալով հայաստանյան իրադարձություններին: Conflict Zone հաղորդման շրջանակում Թիմ Սեբաստիանը հարցազրույց է վերցրել Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանից:
Նշվում է, որ 1999թ. ի վեր Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության դեմ շաբաթներ տևած ցույցերից հետո երկիրը նոր վարչապետ ունի: Ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ այն կուսակցության օգնությամբ, որին զրկեց իշխանությունից:
«Այդ ժամանակ մենք ցանկանում էինք հանրությանը, ժողովրդին ցույց տալ, որ մենք վերջապես լսում ենք իրենց ձայները»,-ասում է Աշոտյանը Conflict Zone հաղորդման ժամանակ:
Նրա խոսքով՝ Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ ավելի լավ է ունենա ցանկացած վարչապետ և իշխանություն, քան չունենա:
«Հայաստանը ցանկանում է դառնալ ավելի ժողովրդավար…Կարծում եմ, որ ժողովրդավարական ավելի կայուն ինստիտուտներ ունեցող եվրոպական երկրներում, ամեն ինչ շատ պարզ էր […] քաղաքական վերնախավի հանդեպ անվստահությունը, հաղորդակցության բացակայությունը հանգեցրել է ուլտրաաջ կուսակցությունների ստեղծման բոլոր երկրներում, այդ թվում և ձեր: Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում: Հայաստանում, որտեղ դեմոկրատական ինստիտուտներն այդքան ուժեղ չէին, այդ ամենը մեկ այլ դրսևորում ստացավ…Հայաստանը ցանկանում է դառնալ ավելի ժողովրդավար երկիր և, ըստ էության, ավելի եվրոպական: Ուստի, չենք կարող անտեսել եվրոպական փորձը»,- ասում Է Աշոտյանը:
Թիմ Սեբաստիանը փաստում է, որ «Սերժ Սարգսյանը հրապարակավ հայտարարել էր վարչապետի պաշտոնում այլևս չառաջադրվելու մասին, բայց չպահեց իր խոստումը, ուստի Հանրապետականը մի կուսակցություն է, որը չի պահում իր խոստումները»: Ի պատասխան Աշոտյանը խնդրում է այդքան էմոցիոնալ չլինել և հավելում, որ կուսակցությունը Սերժ Սարգսյանին որոշեց առաջադրել վարչապետի պաշտոնում՝ երկրի անվտանգության նկատառումներից ելնելով:
Սեբաստիանն Աշոտյանին հիշեցնում է նաև Freedom House իրավապաշտպան կազմակերպության «Ազգերն անցումային շրջանում 2018» զեկույցը, ըստ որի Հայաստանի ժողովրդավարությունն անկում է ապրել, իսկ մամուլը համարվում է «ոչ ազատ»:«Այլ կերպ ասած, դուք թույլ եք տվել իշխանությանը խուսափել լիազորությունները չարաշահելու համար նախատեսված պատժից: Սա Freedom House-ի տեսակետն է»,-ասում է Սեբաստիանն Աշոտյանին, որն ընդունում է, թե Հայաստանում կա կոռուպցիա, արտագաղթ:
Անդրադառնալով 2017թ. ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, որոնց ժամանակ ըստ Freedom House-ի իշխող կուսակցությունն իշխանությունը պահելու նպատակով դիմել է ընդդիմության նկատմամբ ոտնձգությունների, ընտրողներին ահաբեկելու միջոցների և վարչական ռեսուրսի չարաշահման, Աշոտյանն ասում է. «Միայն Հանրապետական կուսակցությանը չեն մեղադրել նման գործողությունների համար»: Հարցին՝ արդյոք դրանից ինչ-որ բան փոխվում է, Աշոտյանը պատասխանում է. «Ուղղակի հիշեցնելու համար, որ կա ամփոփ հայտարարություն այն մասին, որ հայ ժողովուրդն իր քաղաքական կամքն արտահայտել է ընտրության արդյունքներով»:
Հաղորդավարը խոսում է նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ ասելով, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, Մոսկվան շարունակում է ռազմաբազաներ ունենալ Հայաստանում և ուշիուշով հետևել այսպես կոչված գունավոր հեղափոխություններին, որոնք տեղի ունեցան Ուկրաինայում և Վրաստանում: Հարցին՝ արդյոք մտավախություններ չկան, որ Կրեմլը կփորձի առաջ մղել իր շահերը, ինչպես արեց Ղրիմի դեպքում, Աշոտյանը պատասխանում է.
«Մենք երբեք զուգահեռներ չենք անցկացրել Ուկրաինայի, Ղրիմի, կամ ցանկացած այլ երկրի հետ… Պարոն Փաշինյանը ևս կիսում է այն տեսակետը, որ Ռուսաստանը պետք է շարունակի մնալ մեր ռազմավարական գործընկեր»:
Աշոտյանը միևնույն ժամանակ խորհուրդ է տալիս Սեբաստիանին Հայաստանի նոր վարչապետ Փաշինյանից հարցնել՝ ինչու է նա արմատապես փոխել կարծիքը Ռուսաստանի վերաբերյալ, քանի որ 6 ամիս առաջ կոչ էր անում դադարեցնել անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը
Աշոտյանի խոսքով՝ Ռուսաստանը երբեք սահմաններ չի գծել Հայաստանի համար: «Ինչո՞ւ պետք է վախենանք Ռուսաստանից (…) Մենք ավելի շատ վախենում ենք Թուրքիայից: Մեր հարևանը Թուրքիան է, և եվրոպական ոչ մի երկիր մինչ օրս չի կարողացել պաշտպանել Հայաստանին Թուրքիայի շրջափակումից, ինչպես նաև նախագահ Էրդողանի ռազմատենչ հռետորաբանությունից»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Առավել մանրամասն՝ տեսանյութում: