Այս պահին Երեւանի քաղաքապետարանի դիմաց «Քաղաքը մերժում է Տարոնին» ոչ բազմամարդ բողոքի ցույց է:
Ցույցի կազմակերպիչները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը եւ ավագանու ցրումը: Արդյոք սահմանադրությունը թո՞ւյլ է տալիս՝ Aravot.am-ի այս հարցին ակտիվիստներից Աննա Նիկողոսյանը պատասխանեց. «Ավագանին ցրելու եւ նոր ընտրություններ կազմակերպելու բոլոր հիմքերը կան»:
Բողոքի ցույցի կազմակերպիչները նաեւ պահանջում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը դուրս գա իրենց հետ հանդիպի եւ պատասխանի իրենց հարցերին: Մասնավորապես՝ ակտիվիստները բազմաթիվ խնդիրներ են վեր հանել՝ տրանսպորտի, բյուջեի անարդյունավետ ծախսերի, ապօրինի շինարարության եւ այլ խնդիրների հետ կապված:
Ցույցին զուգահեռ եւ կրկին Երեւանի քաղաքապետարանի մոտ Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները եւս բողոքի ցույց են անում: Նրանք նույնպես պահանջում են քաղաքապետի հրաժարականը:
Նրանք քաղաքապետարանի շենքի դիմաց շարել են ավագանու ՀՀԿ անդամների լուսանկարները, որոնց վրա գրված է՝ «Տարոն, հեռացիր»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ