Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո մի քանի ՀՀԿ- ականներ հայտարարեցին, որ հետայսու Հանրապետական կուսակցությունն ընդդիմություն է լինելու։ Բայց նկատենք, որ մյուս կողմից ՀՀԿ-ն ԱԺ-ում չի շտապում հեռանալ իշխանությունից՝ պահպանելով ղեկավար կազմում պաշտոնները. ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու ՀՀԿ-ական երկու փոխնախագահները՝ Արփինե Հովհաննիսյանն ու Էդուարդ Շարմազանովը, հրաժարական չեն ներկայացրել՝ շարունակելով պաշտոնավարումը։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ։
– Գուցե դեռեւս գործող որոշ նախարարների Փաշինյանի կողմից առաջարկ արվի՝ աշխատանքը շարունակելու։
– ՀՀԿ-ն դա բացառում է։ Չի կարող մարդը լինել կուսակցության անդամ ու լինել Փաշինյանի կառավարության մեջ։ Օրինակ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը երբ գնաց, Արարատ Զուրաբյանը մնաց Կենտրոնի թաղապետ, բայց ինքը Ռոբերտ Քոչարյանի կառավարության եւ իշխանության համար որեւէ քաղաքական պատասխանատվություն չէր ստանձնել։ Սա է խնդիրը։
Ես ասում եմ պաշտոնապես՝ ՀՀԿ-ն մաս չի կազմելու պարոն Փաշինյանի կառավարությանը։ Հետեւաբար պատասխանատվություն չի ստանձնում այդ կառավարության գործունեության համար։ Եվ քաղաքագիտական առումով մենք ընդդիմություն ենք՝ անկախ այն հանգամանքից՝ 58 պատգամավոր ունենք, 60 պատգամավոր, թե 25։
Իսկ թե վաղը որ նախարարը կլինի Հանրապետական կամ չի լինի, ես չեմ ուզում առաջ շարժվել եւ ասել։ Դա իմ խնդիրը չէ։ Բայց կուսակցությունն արդեն հայտարարել է, որ այդ կառավարությանը մենք մաս չենք կազմելու։ Մեր օրակարգում նման հարց չկա։
– Ստացվում է՝ առաջիկայում Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում փորձելու է հարցուպատասխանի ժամանակ բոլոր առկա խնդիրներն, այսպես ասած, Փաշինյանի առջե՞ւ դնել։
– ՀՀԿ-ն իրեն պահելու է որպես ընդդիմություն։ Իսկ ընդդիմությունն իրեն ինչպե՞ս է պահում..։ Ընդդիմություն, որի հիմքում լինելու է Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունը, Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը եւ մեր պետության շահը։ Մենք անհարկի, պոպուլիստական, սաբոտաժային գործողություններ նոր կառավարության նկատմամբ չենք անելու։ Մենք մեկ անգամ չէ, որ եղել ենք իշխանություն եւ միշտ խոսել ենք կառուցողական ընդդիմության մասին։ Իմ տեսակետով՝ Հանրապետական կուսակցությունը պետք է լինի ծրագրային, գաղափարական ընդդիմություն։
Զրուցեց Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում