ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը Նիկոլ Փաշինյանի նոր կառավարության ձեւավորումը համարում է բարդ, բայց տեխնիկական խնդիր։ Նա համոզված է, որ Հայաստանում կա բավարար ներուժ՝ ցանկացած կառավարություն ձեւավորելու համար։ «Այստեղ մի առանձնահատկություն է լինելու, ես կարծում եմ, որ այս կառավարության վրա դրվելու է շատ մեծ խնդիրներ լուծելու հարց, այն է՝ կազմակերպելու Հայաստանի Հանրապետության ապագան, որովհետեւ այս կառավարությունը լինելու է անցումային, բայց, միեւնույն է, ինքը չունի այն ժամանակը, որ սպասի այդ անցմանը»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Զուրաբյանը։
– Ըստ Ձեզ՝ ՀՀԿ-ականները կաջակցե՞ն Նիկոլ Փաշինյանին, թե՞ կփորձեն վրեժխնդիր լինել նրանից։
Ես չեմ կարծում, որ նման բան տեղի կունենա։ Իհարկե, նրանք դեռեւս մի քիչ լարված կլինեն, մտահոգ կլինեն, բայց ես վստահ եմ, որ այն, ինչ ասվում է, ասվում է շարժման առաջնորդների կողմից։ Շատ կարեւոր է, որ Հայաստանում պետք է իրոք բարու, լույսի, դրականի մթնոլորտ ստեղծվի, որի մասնակիցը նաեւ, ինչո՞ւ չէ, պետք է լինեն հանրապետականները։ Մենք անընդհատ խոսում ենք կեղծված ընտրություններից՝ մոռանալով, որ ընտրություն կեղծողը մեկ անձ չէ։ Ընտրության կեղծման գործընթացի մասնակից են հազարավոր մարդիկ։ Ասենք, 2 հազար տեղամասերում առկա է մի քանի հազար մարդ, որոնք որ, երբ որ ընտրակեղծիք էր լինում, մասնակցում էին։ Ընդհանրապես, նեգատիվ երեւույթներին մասնակից են մեր քաղաքացիները։ Ես կարծում եմ, որ մենք ոչ թե միայն իշխանություն պետք է փոխենք, այլ յուրաքանչյուրը պետք է իր մեջ գտնվող անհատին փորձի բերել ինչ-որ մի տեղ, որտեղ նա, ասենք, չի եղել։
– Ի դեպ, ընտրությունները կեղծելու մեջ այս տարիներին մեղադրանքներ են հնչել ոչ միայն ՀՀԿ-ի, այլեւ այլ քաղաքական ուժերի, այդ թվում՝ ձեր դաշինքի դոմինանտ ուժը համարվող ԲՀԿ-ի հասցեին։
Եկեք մի բան արձանագրենք, որ կեղծիքի մթնոլորտում յուրաքանչյուրը, բայց, բնականաբար, առաջին հերթին գործող իշխանությունը, փորձում է ամեն ինչ անել, որպեսզի կոնկրետ ինչ-որ արդյունք արձանագրի։ Ես կարծում եմ, որ այս մթնոլորտի բացակայությունը դրա իսպառ վերացումն է, որ փոխելու է Հայաստանը։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում