Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆակուլտետում ահուսարսափի եւ վախի մթնոլորտ էր»

Մայիս 10,2018 13:30

ԵՊՀ պրոֆեսոր Մաքսիմ Մանասյանն արձագանքում է
իր հեռացման մասին լուրերին

«Առավոտն» անդրադարձել է ԵՊՀ-ում 30 եւ ավելի տարիներ աշխատող դեկանների վերընտրությանը, որը մտահոգությունների տեղիք է տվել ոմանց մոտ: Այդ մասին հրապարակել ենք նաեւ ԵՊՀ տեսակետը: ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը մեկնաբանության մեջ, ի թիվս այլ ֆակուլտետների, անդրադարձել էր Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետում դեկանի ընտրությանը, նաեւ նշել. «Մարատ Գրիգորյանի հետ առաջադրվել էր նախկին դասախոս Մաքսիմ Մանասյանը, ում հետ գիտխորհուրդը որոշել էր չերկարացնել աշխատանքային պայմանագիրը՝ գիտական աշխատության մեջ գրագողություն հայտնաբերելու պատճառով։ Պարոն Մանասյանը գիտխորհրդի նիստի ժամանակ հնչեցրել է մեղադրանքներ, ապա առանց իր ծրագիրը ներկայացնելու՝ ինքնաբացարկ է հայտարարել եւ չի մասնակցել ընտրությանը»:

«Առավոտի» հետ զրույցում Մաքսիմ Մանասյանը նշեց, որ ինքը ոչ թե ծրագիր չի ներկայացրել, այլ հնարավորություն չեն տվել այն ներկայացնելու: Նա ասաց, որ 1984թ.-ից մինչեւ 2018թ. փետրվար ամիսը Երեւանի պետական համալսարանում եղել է ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր: «Այս ընթացքում ես ինձ համարել եմ համալսարանական, 30-ից ավելի գրքեր ունեմ, 120 հոդվածներ, 6 բուհական դասագիրք, ինչպես նաեւ դպրոցական բոլոր դասագրքերն եմ գրել: Ճիշտն ասած, կար մոտեցումների տարբերություն դեկանի հետ, ինձ դուր չէր գալիս բարոյահոգեբանական մթնոլորտը, գիտական մթնոլորտի բացակայությունը, ահուսարսափի եւ վախի մթնոլորտ էր ֆակուլտետում, որի մեղավորը դեկան Մարատ Գրիգորյանն է: Նա 30 տարի եղել է դեկան եւ հիմնական աշխատանքի իմաստը իր վերարտադրությունն ապահովելն է եղել, այսինքն՝ նա նշանակել է կամակատար ամբիոնի վարիչներ, համապատասխան գիտխորհուրդ ձեւավորել……Մի խոսքով, բոլոր ճանապարհները տանում էին դեպի Մարատ Գրիգորյան: Ինքը վերջին քսան տարում ոչ մի գիտական հոդված չունի` լինելով համալսարանի դեկան եւ դոցենտ, բոլոր հոդվածները համահեղինակությամբ են: Մարդը 70 տարեկանում գիտական խորհրդի քարտուղարն է, ինքն է որոշում, թե համալսարանի գիտական տեղեկատուում ով պետք է հոդված գրի, որովհետեւ դրա խմբագիրն է: Սովորաբար խմբագիրները հայտնի գիտնականներ են լինում, բայց աշխարհագրության եւ երկրաբանության համալսարանական գլխավոր ամսագրի խմբագիրը դոցենտ Գրիգորյան Մարատն է, որը ոչ մի գիտական ինքնուրույն աշխատանք չունի: Մարդիկ բոլոր առումներով կախված են իրենից, մեկը վախենում է թոշակի գնա, մյուսը վախենում է, որ ժամեր չտան, երրորդը վախենում է գիտական հոդվածը չտպեն, դիսերտացիա չպաշտպանի եւ այլն»,- նշեց պարոն Մանասյանը:

Նա փաստեց, որ երբ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետները միավորել են, բոլոր պրոֆեսորները հեռացել են, մասնավորապես աշխարհագրության գծով 4 պրոֆեսոր գնացել է, իսկ երկրաբանության գծով ընդամենը մեկ դոկտոր կա: Մանասյանի ձեւակերպմամբ, համալսարանը հետազոտական բուհից վերածվել է սովորական դպրոցի:
Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ Մաքսիմ Մանասյանի ասպիրանտ որդու դիսերտացիայի պաշտպանությանը: Պրոֆեսորը պնդում է, որ Մարատ Գրիգորյանը կազմակերպել է, որ 4 «դեմ»-ով իր որդու պաշտպանությունը տապալվի, մինչդեռ բոլոր փուլերում (գիտխորհուրդ, ամբիոն) ամեն ինչը միաձայն է անցել, բոլոր կարծիքները դրական են եղել, տեսագրությունն էլ դա է փաստում: Մաքսիմ Մանասյանն ասում է, որ դեկան Գրիգորյանին ասում է, ինքը նույնիսկ առաջարկել է հեռանալ, միայն թե իր որդուն չխանգարեն իր պատճառով, սակայն պարզվել է, որ այդ ամենի պատճառն ավելի խորքային է` որդու ակտիվությունը ուսանողական շարժումներին դուր չի եկել դեկանին:
Մեր զրուցակիցը նաեւ հավելում է, որ չի կարող նույն խորհրդում աշխատել, որտեղ բոլորն իր տղային «դեմ» են քվեարկել:

Մաքսիմ Մանասյանը նշեց, որ 2012թ. աշխարհագրության ուղեցույց է տպագրել, որը ոչ գիտական մենագրություն էր, ոչ էլ ուսումնասիրություն, այն ընդամենն այլ գրքերի հիման վրա ստեղծված տեղեկատու էր, որտեղ հղումներ չկային: Ինչը առիթ է հանդիսացել, որպեսզի իրեն փորձեն գրագողի պիտակ կպցնել. «Ստեղծում են հատուկ հանձնաժողով, որ գնան իմ 30 գրքերի մեջ թերություններ փնտրեն: Տեսել են, որ էջեր կան, որ տարբեր հեղինակներից եմ վերցրել, հայտարարել են, որ իբր գրագողություն եմ անում, դիմել են գիտխորհուրդ, թե ցանկալի չէ, որ գրագողը համալսարանում դաս տա: Ես էլ պարոն ռեկտորին ու պրոռեկտորին ասացի, որ եթե հարցն այդպես են դնում, ես ավելի արտառոց փաստեր կբերեմ ու էդ հանձնաժողովը, որի եզրակացության հիման վրա գիտխորհուրդը որոշում է կայացրել, բոլորով միասին մի դասագիրք ունեն, այն էլ ամբողջությամբ գրագողություն է, թարգմանություն ռուսերենից, իսկ ես 30 գիրք ունեմ»:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ համապատասխան նամակ է ներկայացրել այդ մասին, սակայն գիտխորհուրդը հրաժարվել է քննել, բանը հասել է ընդհուպ էթիկայի հանձնաժողով, եւ իր դեմ հանդես եկած ամբիոնի 3 վարիչներն ազատվել են աշխատանքից:

Մաքսիմ Մանասյանն ասում է, որ ինքը կայացման խնդիր չունի, բայց հատուկ էր որոշել առաջադրվել որպես դեկանի թեկնածու. «Ուզում էի ամբիոնն օգտագործել եւ իմ ծրագիրը, եւ ֆակուլտետում տիրող անառողջ իրավիճակը ներկայացնելու համար, գիտեի, որ շանսեր չունեմ ընտրվելու: Ես խնդրեցի, որ քսան րոպե տրամադրեն, սակայն տասը րոպե ելույթից հետո խոստացան ձայն տալ: Բայց այդպես էլ ձայն չտվեցին, ես էլ ասացի, քանի որ ցանկություն չկա իմ ծրագիրը լսելու, դուրս եկա… Ի դեպ, ես ինձ ավելի շատ տեսնում եմ ոչ թե որպես դեկան, այլ պրոֆեսոր, որովհետեւ դեկան շատերը կարող են լինել, բայց գիտությունների թեկնածու աճեցնել եւ դասագրքեր գրել, ոչ բոլորը»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Պատրաստ ենք ներկայացնել նաեւ Մարատ Գրիգորյանի տեսակետը:

«Առավոտ»

09.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031