Լրահոս
Օրվա լրահոսը

Թավշյա հեղափոխության ռիսկերը

Մայիս 10,2018 13:00

Թավշյա հեղափոխությունը տարբեր մեկնաբանություններ է ստանում քաղաքագիտական հանրագիտարաններում, բայց նրանցում ընդհանուրը մեկն է. իշխող խավը գիտակցելով քաղաքական ճգնաժամի խորացումը, ստեղծում է հեղափոխության իմիտացիա եւ ինքնակամ փոխանցում է իշխանությունը: Նորանկախ մեր հանրապետությունն արդեն երկրորդ անգամ է ականատեսը դառնում թավշյա հեղափոխության: Երբ կոմունիստները հասկացան, որ այլեւս ստեղծված իրավիճակում հնարավոր չէ կառավարել, գնացին եւ եկան ժողովրդավարները: Շատ կարճ ժամանակահատվածում, ընդամենը երկու-երեք տարում, հանրությունը հիասթափություն ապրեց, որը հետագայում ավարտվեց հեղափոխական առաջնորդի հրաժարականով:

Հիմա նորից թավշյա հեղափոխության կիզակետում ենք, եւ պետք է դասեր քաղենք անցյալից ու կանխարգելենք հուսախաբության ռիսկերը: Ժողովրդական համընդհանուր ոգեւորության ներկա ալիքը այնքան էներգետիկ ուժ ունի, որ կարող է լուծել սոցիալ-տնտեսական շատ խնդիրներ, ընդ որում՝ ոչ թե «վերեւից», այլ «ներքեւից»: Չգիտես ինչու, այսօր բոլորը շունչները պահած սպասում են, թե ովքեր են լինելու նոր նախարարները: Բայց քչերն են հասկանում, որ ոչ թե նախարարների, այլ յուրաքանչյուրի ինքնակազմակերպումից է կախված թավշյա հեղափոխության հաջողությունը: Դա մենք տեսանք երիտասարդների մոտ հենց հեղափոխության առաջին օրերից, երբ առաջնորդի կողմից ինքնակազմակերպման կոչ էր արվում եւ դա հաջողությամբ իր դրսեւորումն էր ստանում:

Բայց հիմա հարց է առաջանում, թե իշխանական նոր համակարգի պայմաններում արդյոք կպահպանվի՞ հանրային ինքնակազմակերպման այս ալիքը` թիրախավորվելով թավշյա հեղափոխությանը հատուկ ռիսկերի կանխարգելմանը: Իսկ նման ռիսկեր միշտ էլ կան:
Նախ, շատ մեծ է սփյուռքի ոգեւորությունը: Մեր հայրենակիցները ուշիուշով հետեւում են հայաստանյան իրադարձություններին եւ սպասում են հայրենադարձության մեսիջների: Սակայն, եթե դրանք լինեն ձեւական, առանց տնտեսական բարենպաստ պայմաններով առաջարկների, ներգաղթյալների գործունեության ծավալման արտոնությունների, ապա կունենանք սիրիահայերի ներգաղթի այսօրվա, մեղմ ասած, ոչ բարվոք պատկերը:

Հաջորդ կարեւոր ռիսկը համարում եմ Հայաստանի Հանրապետության վարկանիշի աննախադեպ վերելքը ազգերի ընտանիքում, եւ դրա հետ կապված` օտարների մոտ վստահության մթնոլորտի ձեւավորումը: Այսօր արտասահմանը մեզ դիտարկում է ժողովրդավարության վերելքի սուբյեկտ, որին կարելի է սատարել զանազան դրամաշնորհներով, ֆինանսական օգնություններով, արտոնյալ վարկերով, տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումներով, որոնք չպետք է հերթական անգամ մսխվեն: Ուրեմն պետք է գործեն «ներքեւից» եկող վերահսկողության ու կառավարման վերնախավին հանրային պատասխանատվության կանչման արդյունավետ մեխանիզմներ:
Եվ ամենակարեւորի մասին: Այսօր արդեն ձեւավորվում է փոքրամասնության կառավարություն, որին պետք է սատարեն ոչ միայն փողոց փակող պատանիները եւ դպրոցականները, այլ ողջ հայ ժողովուրդը: Եթե հերթական անգամ փորձենք չհավատալ կառավարությանը, լինենք անհանդուրժող կառավարման վերին էշելոնի նկատմամբ, օտարվենք իշխանություններից եւ ֆեյսբուքյան մի նոր հիստերիա սկսենք, ապա մեծ ռիսկի տակ կդնենք թաշյա հեղափոխության մեր հավատն ու դրական սպասումները, որոնք ներկայումս հանդիսանում են հասարակության արագ տեմպերով զարգացման շարժիչ ուժերը:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ

տնտեսագիտության դոկտոր

«Առավոտ»

09.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    ՀՀԿ-ը շարունակում է իր գործնեությունը:
    Ուզում եմ մի բան ֆիքսել՝ ես տեղի ունեցածը հեղափոխություն չեմ համարում, որովհետեւ հեղափոխությունը դա պետաիրավական համակարգի փոփոխություն է: Իսկ մեզ մոտ տեղի է ունեցել միմիայն իշխանափոխություն այն էլ ՀՀԿ-ի գախտնի որոշմամբ եվ համաձայնությամբ սույն թթ Մարտի 1-ին:
    Իսկ Նիկոլն համաձայնվել է դառնալ ՀՀԿ-ի գախտնի երդվյալ անդամ:Ծիծաղելի է ուղղակի երբ ՀՀ գլխավոր հրամանատարն 3 րոպե խոսակցությունից հետո հրաժարվում է իր դիրքերից:Իսկ ցուցարարների հիսուն տոկոսից էլ ավելին եղել էն ՀՀԿ անդամներն իրեց բարեկամներով եվ ծանոթներով:
    ՀՀ-ը այժմ շարունակում է մնալ Սերժի ղեկավարության տակ:
    Շնորհավոր Սերժ Սարգսյան, Ձեր փայլուն հաղթանակի համար:
    Սերժ Սարգսյանի հաղթանակն շնորհավորել է նաեվ Վլադիմիր Պուտինը:
    ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԿՈԻՍԱԿՑՈԻԹՅՈԻՆ «ՀՊԿ»
    ORGANIZACIÓN DE LOS ESTADOS ARMENIOS «DELEA»

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031