Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվեստագետները ոչ թե հեռանում են, այլ մեկնում՝ վերադառնալու պայմանով»

Մայիս 10,2018 12:30

Դիանա Ադամյանը փայլել է Մենուհինի անվան ջութակահարների մրցույթում

Հայաստանյան թավշյա հեղափոխության օրերին «Առավոտը» արվեստագետներից, մասնավորապես՝ երաժիշտներից, նույնիսկ հորդորներ էր ստանում, թե ինչու լուր չկա աշխարհի ամենահեղինակավոր՝ Մենուհինի անվան ջութակահարների մրցույթում Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի առաջին կուրսի ուսանողուհի Դիանա Ադամյանի (պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանի դասարան) հաղթանակի առիթով:
Ի դեպ, մինչ Շվեյցարիա մեկնելը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ ջութակահարուհու ելույթից առաջ զրուցել ենք նրա հետ («Առավոտ», 16.02.2018թ.): Շվեյցարիայի մայրաքաղաքում կայացած մրցույթից անմիջապես հետո ջութակահարուհու հաղթանակի մասին տեղեկացրել ենք մի քանի անգամ՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանի, «Կոմիտաս» քառյակի առաջին ջութակ Էդուարդ Թադեւոսյանի, Համահայկական նվագախմբի առիթով հայրենիք ժամանած թավջութակահար Սեւակ Ավանեսյանի, ջութակահար Արմեն Մովսեսյանի եւ հիշյալ մրցույթում 12 տարի առաջ դարձյալ այս մրցույթում հաղթանակ տարած բելգիաբնակ ջութակահար Հրաչյա Ավանեսյանի հետ զրույցներում:

1983թ. հիմնված, 2 տարին մեկ տարբեր երկրներում, այս տարի 18-րդ անգամ անցկացվող մրցույթում «մրցում» են երկու տարիքային խմբերի (11-15 եւ 16-22) ջութակահարներ:
Դիանա Ադամյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մինչ մասնակցությունը մրցույթի կազմկոմիտեին իրենց ձայնագրություններն են ուղարկել մոտ 320 երաժիշտ, որից ժյուրին՝ ամերիկացի ճանաչված ջութակահարուհի Պամելա Ֆրանկի նախագահությամբ, ընտրել է 44-ը՝ շուրջ 20 երկրից: Պարտադիր ծրագրում ջութակահարը պետք է ներկայացներ Բախի, Մոցարտի, Պագանինիի, Կրեյսլերի, Բեթհովենի ստեղծագործություններից եւ Յայիր Քլարթագի ստեղծագործությունը՝ գրված հատուկ մրցույթի համար:

Դիանա Ադամյանը Մենուհինի դստեր՝ եւ Քրիստոֆ Լանդոնի հետ:

Հետաքրքրությանը, թե մրցույթում հաղթանակը իր տաղանդի, աշխատասիրության, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում անվանի մանկավարժ Պյոտր Հայկազյանի, կոնսերվատորիայում Էդուարդ Թադեւոսյանի դասարանում ուսանելու արդյունք էր, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հնչեցրած անուններին ես կգումարեի նաեւ ժամանակին անվանի ջութակահարներ Լեոնիդաս Կավակոսի, Անա Չումաչենկոյի, Պինկա Ցուկերմանի անունները, որոնց ղեկավարությամբ վարպետության դասընթացների եմ մասնակցել, ինչպես նաեւ 2012 թվականից պրոդյուսերիս՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանին: Եվ, բնականաբար, երաժշտական ընտանիքիս՝ ջութակահարներ հորս՝ Հակոբ Ադամյանի, մորս՝ Նունե Անտաշյանի հաղթանակն է»:

Դիտարկմանը՝ սովորաբար մրցույթներում, այն էլ նման հեղինակավոր, ներկա են լինում պրոդյուսերներ, ճանաչված երաժիշտներ, որոնք մանավանդ դափնեկիրներին համագործակցության առաջարկ են անում, այս առիթով արվեստագետը փաստեց, թե մրցույթի պայմաններից մեկն էլ հաղթողին ժամանակավոր օգտագործման համար ջութակի վարպետ Քրիստոֆ Լանդոնի հավաքածուից Նիկոլա Գալիանոյի ջութակի տրամադրումն է, երրորդ փուլում ելույթ է ունեցել Լոնդոնի թագավորական նվագախմբի ընկերակցությամբ, ջութակահար եւ դիրիժոր Յուլիան Ռախլինի ղեկավարությամբ, հետո ասաց. «Իհարկե, առաջարկներ ստացել եմ, օրինակ՝ 2019թ. դարձյալ կհամագործակցեմ Լոնդոնի թագավորական նվագախմբի հետ, 2020թ. հյուրախաղերի առաջարկներ կան Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա: «Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանից տվյալներս է խնդրել հեղինակավոր Harrison Parrott պրոդյուսերական կազմակերպության ներկայացուցիչ Ջասպեր Փերոթը եւ այլն»: Իսկ թե ինքն էլ կհետեւի՞ հեղինակավոր մրցույթներում հաղթած համերկրացիների օրինակին ու կհիմնվի եւ ստեղծագործական գործունեությունը կշարունակի արտասահմանյան որեւէ երկրում, երիտասարդ արվեստագետը պատասխանեց. «Ձեռք բերածով պետք չէ բավարարվել: Ի վերջո արվեստագետները, մանավանդ երիտասարդ, ոչ թե հեռանում են հայրենիքից, այլ մեկնում՝ վերադառնալու պայմանով, ինչը ես համարում եմ նույնիսկ պարտադիր՝ փորձի փոխանակման, կարճ ասած՝ աշխարհից ինֆորմացիա ստանալու համար: Այս տարի կմեկնեմ Մյունխեն՝ ուսումս շարունակելու Անա Չումաչենկոյի ղեկավարությամբ…»:

Յուլիան Ռախլինի հետ:

Զրույցի ընթացքում Դիանա Ադամյանը հավաստիացրեց, որ իրեն տարբեր հարցեր էին ուղղվում այդ օրերին մեր երկրում կատարվող դեպքերի մասին. «Բոլորը հիացմունքով էին խոսում հայաստանյան թավշյա հեղափոխության մասին, հատկապես նշելով սերնդակիցներիս մասնակցությունը, ինչի առիթով հպարտություն էի ապրում…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

09.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031