Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով, խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթով ոչ թե գեղեցիկ խոստումներ տվեց, այլ ներկայացրեց հստակ ձեւակերպված խնդիրներ:
«Նման խոստումներ չեն տրվել նախորդ կառավարությունների կողմից: Նախորդ իշխանությունը, որը քսան տարի ղեկավարում էր, նման մոտեցումներ չի ձեւակերպել, մասնավորապես՝ քաղբանտարկյալների հարցով, տնտեսական ազատությունների ապահովման, իսկ մենաշնորհների կամ կոռուպցիայի մասին եղել են շատ ամոթխած, ընդհանրական խոսքեր»,- կարծիք հայտնեց իրավապաշտպանը:
1996 թվականից հետո, ըստ մեր զրուցակցի, Հայաստանում ոչ մի կառավարություն չի ունեցել այն լեգիտիմությունը, որն ունի Նիկոլ Փաշինյանն ու իր ձեւավորվելիք կառավարությունը. «Նախորդած բոլոր կառավարությունները ձեւավորվում էին ընտրությունների արդյունքների կեղծմամբ, սա փաստ է»:
Արթուր Սաքունցի դիտարկմամբ, Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ բոլոր այն համակարգային խնդիրներին, որոնք շարունակաբար համակարգային լուծումներ չեն ստացել նախորդ իշխանության օրոք.
«Նա չէր կարող այդ հարցերը, որպես լուծվելիք խնդիրներ, չձեւակերպեր, որովհետեւ համաժողովրդական այս շարժման բուն իմաստը հենց անպատժելիության, մարդու իրավունքների խախտումների վերացման ձեւավորումն է … այլ հարց է՝ ինչ մեխանիզմներ են մշակվելու: Այդ առումով մենք՝ քաղհասարակության ինստիտուտներս, ունենք մեր ուսումնասիրություններն ու զեկույցները, նաեւ առաջարկությունների փաթեթ, որը պատրաստ ենք ներկայացնել նոր իշխանությանը՝ ակնկալելով, որ դրանց կտրվեն լուծումներ:
Այդ ռազմավարական նշանակության խնդիրներն ունեն լուծման երկու փուլ, առաջին փուլի խնդիրները առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ են կապված, որը ես կանվանեի հրատապ խնդիրներ՝ անհրաժեշտ օրենսդրական ու ինստիտուցիոնալ փոփոխությունների իրականացում, որպես ազատ ու արդար ընտրությունների ապահովման ու իրականացման երաշխիքներ, եւ հաջորդ փուլը՝ նոր իշխանության վերջնական ձեւավորումից հետո լուծվելիք խնդիրներն են, որը պահանջում է երկարաժամկետ լուծումներ»:
Նա նաեւ հավելեց, որ քաղհասարակությունը չի պատրաստվում աչքը փակել, այլ ուշադրությամբ հետեւելու են նոր իշխանության գործունեությանը. «Դա չի նշանակում, որ մենք աչքներս փակելու ենք ու անվերապահորեն չենք հետեւելու որոշումների ընդունմանն ու դրանց իրականացմանը, մենք շարունակելու ենք քաղաքացիական վերահսկողության մեր գործառույթները եւ մասնակցության ուղղությամբ, պարզապես, ի տարբերություն նախորդ իշխանությունների, մենք ավելի շատ հույս ունենք, որ մասնակցությունը լինելու է առավել արդյունավետ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ