«Ազատություն» ռ/կ. ԱՄՆ-ում 89 տարեկան հասակում մահացել է Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Ջորջ Թոքմեջյանը: Նրա ընտանիքը հայտնում է, որ Թոքմեջյանը երեքշաբթի օրը մահացել է Լոնգ Բիչում գտնվող իր տանը:
Հանրապետական Ջորջ Թոքմեջյանը երկու անգամ ընտրվել էր Կալիֆորնիայի նահանգապետ, այդ պաշտոնում ծառայելով 1983-ից մինչև 1991 թվականը:
Իրավաբան Թոքմեջյանը մի շարք բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել՝ չորս տարի եղել է Կալիֆորնիայի գլխավոր դատախազ, 16 տարի՝ նահանգի սենատի անդամ:
Հանրապետական կուսակցության Կալիֆորնիայի մասնաճյուղը հայտարարել է, թե վերջին հարյուրամյակի ընթացքում Ջորջ Թոքմեջյանը Կալիֆորնիայի ամենամեծ նահանգապետերից մեկն էր:
Հայ ներգաղթյալների ընտանիքի զավակ Թոքմեջյանը դարձել էր ամերիկահայ ամենահայտնի քաղաքական գործիչը Միացյալ Նահանգներում, գրում է «Լոս Անջելես Թայմսը», նշելով, որ նրա ծնողները Թուրքիայից փախել էին Հայոց ցեղասպանության պատճառով: