Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը մինչ այսօր գտնվում է Հայաստանում, ես ուրախ եմ այս կապակցությամբ և սա համարում եմ մեր շարժման առավելություն. Նիկոլ Փաշինյան

Մայիս 09,2018 19:10

Փոխզիջումների մասին խոսք կարող լինել այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից ստանանք հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ  է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Այս մասին այսօր Ստեփանակերտում հրավիրած մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ բանակցությունները չեն խանգարում լրջագույն ջանքեր գործադրվելու և դրանք բազմապատկելու` Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ: Միջազգային հանրությունը պետք է շատ հստակ արձանագրի, որ Արցախի հարցի էությունը մարդու իրավունքների պաշտպանության խնդիրն է:

«Այս հակամարտությունը տարածքային հակամարտություն չէ: Այս հակամարտությունը ծագել է այն բանի արդյունքում, երբ Արցախի հայությունը որոշել է պաշտպանել իր  ամենատարրական իրավունքները, քանի որ Ադրբեջանը այն տարիներին ոչ միայն ի վիճակի չի եղել ապահովել ԼՂԻՄ-ի հայ բնակչության իրավունքները, այլև ուղիղ սպառնալիք է ստեղծել նրանց կյանքի  և ինքնության իրավունքի վրա: Այդ սպառնալիքները ոչ թե բանավոր խոսքերով են արտահայտվել, այլ արտահայտվել են կոնկրետ գործողություններով`  խաղաղ բնակչության դեմ ռազմական գործողություներ կիրառելով»,- նշեց վարչապետը:

Անդրադառնալով հայաստանյան հեղափոխական շարժմանը` Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ շարժումը չի ունեցել և չունի որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ, չի եղել աշխարհաքաղաքական որևէ օրակարգ, առավել ևս դավադրություն: Ըստ նրա առնվազն հենց այս փաստը բացառում է հայաստանյան հեղափոխության համեմատությունը` այլ երկրներում տեղի ունեցած գործընթացների հետ:

«Սերժ Սարգսյանը, ով ժողովրդական ճնշման ներքո հրաժարական տվեց, մինչ այսօր գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Սա ևս բացառիկ է. ես ուրախ եմ այս կապակցությամբ և սա ասում եմ, որպես մեր շարժման առավելություն, որովհետև մեր խնդիրը ոչ թե Հայաստանում նոր թշնամության գծեր քաշելն է, այլ եղած թշնամության գծերը վերացնելը և համերաշխության մթնոլորտ ստեղծելը»,- ասաց Ն. Փաշինյանը:

Խոսելով կառավարության ձևավորման մասին Նիկոլ Փաշինյանը ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի և ունեցել է կառավարության իր տարբերակը, բայց քանի որ ձևակերպվել է այլ խնդիր, քան իշխանությունը վերցնելը, այդ իսկ պատճառով խորհրդարանական բոլորի ուժերի հետ կլինեն խորհրդակցություններ և դրա հիման վրա կձևավորվի կառավարություն:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Նոյն միտքը առաւօտեան էլ լսեցի ու զարմացայ: Չեմ հասկանում, բայց ինչո՞ւ պիտի Սերժ Սարգսեանը լքէր Հայաստանը:

    • Հ.Շ. says:

      Երեւի Դուք ծանօթ չէք «իսկական յեղափոխականների» տեսակէտներին: Որոնք նաեւ խորապէս համոզուած են որ առանց իրենց անցած գործունէութեան ու վաստակին, ներկայ Վարչապետին համար անհնար կը լինէր հասնիլ այնտեղ, ուր որ ցարդ հասաւ: Ասոնք իրեն համար աւելի մեծ գլխու ցաւ են, քան թէ ինկած վարչակարգի մնացորդը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031