Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյան. «Պարոն Փաշինյանը խոսք է տվել, որ ՌԴ-ի հետ կապերը պահպանելու է, ամրապնդելու է»

Մայիս 09,2018 16:26

Հարցին, թե ապրիլի երկրորդ կեսին Ռուսաստանից թափանցիկ արտահայտություններ եղան Հայաստանում ծավալվող իրադարձությունների նկատմամբ, որը ենթադրվում է, որ որոշակի հետեւանքներ կարող են ունենալ՝ հաշվի առնելով, որ համագործակցության մի զգալի հատված զբաղեցնում է ռազմատեխնիկական գործակցությունը, եղե՞լ են զինուժի մատակարարման վերաբերյալ քննարկումներ, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է. «Մենք շատ երկար ճանապարհ ենք միասին անցել եւ ունեցել ենք կայացած ինստիտուտներ, հասկանալի է, որ ցանկացած փոփոխություն բոլոր ներգրաված դերակատարներին պետք է մտահոգեն, առաջացնեն հետաքրքրություն եւ կարող են ազդել գործընթացների վրա: Մենք բազմիցս խոսել ենք ռուսական գործոնի մասին այս պրոցեսներում: Մեզ մեղադրել են Ռուսաստանով վախեցնելու մեջ, որը անհեթեթություն է, որեւէ մեկը չէր պատրաստվում որեւէ մեկին ոչնչով վախեցնել: Ընդամենը հնչում էր միայն Հանրապետական խմբակցության կողմից հիշեցում, որ կա այդ գործոնը, որը պետք հաշվի առնել»:

Վիգեն Սարգսյանը վստահություն հայտնեց, որ այն մարդիկ, որոնք այսօր որոշումներ են կայացնում՝ նոր վարչապետն ու իր թիմը լիարժեք գիտակցում են այդ մարտահրավերը եւ կանեն ամեն ինչ՝ պահպանելու համար այն հարաբերությունները, որոնք գոյություն ունեն. «Անկախ նրանից, թե ինչքան խորն է մեր փոխգործակցությունը այլ երկրների, այլ ուղղությունների հետ, ռազմական փոխգործակցության առումով մեր կապերը Ռուսաստանի հետ բացառիկ նշանակություն ունեն եւ պետք է մեծ ջանք գործադրեն այդ կապերը պահպանելու եւ զարգացնելու համար»:

Վիգեն Սարգսյանն ասաց, որ երեկ ինքը վարչապետ Փաշինյանի հետ այդ հարցերի մասին եւս խոսել է. «Ես հուսով եմ, որ այն թիմը որը կձեւավորվի եւ այն քայլերը որոնք կկատարվեն, կնպաստեն այդ կապերը պահպանելուն եւ էլ ավելի արդյունավետ դարձնելուն, ինչը պարոն Փաշինյանը նաեւ խոսք է տվել Ազգային ժողովի իր ելույթում, երբ ներկայացնում էր իր ծրագիրը»:

Ճշտող հարցին, թե այս պահի դրությամբ որեւէ բացասական զարգացում չկա՞, պարոն Սարգսյանն ասաց, որ՝ ամեն ինչ նորմալ կլինի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031