Պատասխանելով հարցին, թե բողոքի ցույցի օրերին ՊՆ-ն հայտարարություն արեց սահմանային լարվածության, սահմանին կուտակումների վերաբերյալ, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը նկատեց. «Ենթադրել, որ զինված ուժերը կարող են հայտարարություն անել ներքաղաքական զարգացումների համար, դա բացարձակ անարգանք է ոչ միայն պաշտպանության նախարարի, այլ առաջնագծում կանգնած զինվորի համար»:
Անդրադառնալով Ելք խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ այդ օրերին ԱԺ ամբիոնից ու հրապարակում կատարած այն հայտարարություններին, թե ինքը տեղեկություն ունի, որ սուտ է՝ ոչ մի կուտակում էլ չկա սահմանին, եւ ՊՆ-ն այդ հայտարարությունները քաղաքական դրդապատճառներով է անում, Վիգեն Սարգսյանն ասաց. «Դա ի՞նչ է նշանակում, որ ես կարող եմ հայտարարություն անել, որը իմ զինվորն իր աչքով տեսնում է, որ այդպես չէ, իսկ ես անում եմ հայտարարությու՞ն: Դուք պատկերացնու՞մ եք, ես ինչպես պետք է կարողանամ նայել իմ սպայի աչքերին, հրամանատարի աչքերին, եթե ինքը գիտի, որ ես սուտ եմ ասում, սուտ հայտարարություն եմ անում»:
Վիգեն Սարգսյանի խոսքով, նման հայտարարություն հերքելը «շատ անպատասխանատու է, որովհետեւ դա կարող է բանակի հայտարարությունների նկատմամբ առհասարակ անվստահություն առաջացնել հասարակությունում»:
Վիգեն Սարգսյանն ասաց, որ ինքն այդպես էլ այդ օրերին զանգ չի ստացել ոչ Սասուն Միքայելյանից, ոչ Նիկոլ Փաշինյանից, ոչ մեկ ուրիշից, որ կզանգեր ու կհարցներ՝ այդ հայտարարության տակ ի՞նչ հիմքեր կան. «Ես դա նորմալ եմ համարում, բայց հրապարակում հայտարարությունը սխալ եմ համարում: Բանակի հայտարարությունները չեն կարող պայմանավորված լինել ներքին զարգացումներով: Վիճակը սահմանին այնպիսին էր, ինչպիսին նկարագրված էր մեր հայտարարություններում, զինված ուժերը շարունակում են լիարժեք վերահսկել իրավիճակը եւ պատրաստ են ցանկացած գործողության հակահարված հասցնել: Որեւէ բան այսօր էլ չի փոխվել, այդ կուտակումները շարունակում են մնալ նույնը»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ