Լրահոս
Կոչ սիրիահայությանը
Օրվա լրահոսը

Ոչ թե պոպուլիստ, այլ պոպուլյար. միջազգային մամուլը Փաշինյանի վարչապետության մասին

Մայիս 09,2018 15:49

Ուղիղ մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը քայլում էր ամբողջ Հայաստանում գյուղից գյուղ՝ հուսահատ բողոք հայտնելով երկրի վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից իշխանության զավթման դեմ, գրում է բրիտանական The Guardian-ը, որն իր հոդվածը վերնագրել է ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանի խոսքերից մեջբերմամբ՝ «Նա պոպուլիստ չէ, նա պոպուլյար է»:

Երեքշաբթի բոցաշունչ քաղաքական հռետոր Նիկոլ Փաշինյանը, որը վերջին տասնամյակն անցկացրել է փողոցային քաղաքական պայքարում, շաբաթներ տևած խաղաղ ցույցերի արդյունքում 59 կողմ, 42 դեմ ձայնով խորհրդարանի կողմից ընտրվեց վարչապետ: 3 միլիոն բնակչություն ունեցող հետխորհրդային այդ երկրի համար աննախադեպ երևույթ է թերթի նախկին խմբագրի իշխանության գալը, գրում է պարբերականը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիններից էր, ով շնորհավորեց նրան: Ավելի վաղ Փաշինյանը հավաստիացումներ էր տվել, որ չի խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ:

«Մեկ շաբաթ առաջ ցուցարար էր, այսօր Նիկոլ Փաշինյանը ղեկավարում է Հայաստանը». այսպես է վերնագրել իր հոդվածը ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը:

«Ուտել կուզե՞ք,- հարցրել է Փաշինյանը ամերիկյան թերթի լրագրողին՝ առաջարկելով սեղանին դրված լավաշով փաթաթած քյաբաբը, լոլիկի և վարունգի աղցանը:- Այսպիսի ուտելիքը սովորական է դարձել մեզ համար վերջին ամսում: Մենք դեռ քաղաքակիրթ եղանակին չենք վերադարձել»:

Սկզբում քչերն էին ուշադրություն դարձնում շարժման վրա: Բայց 3 շաբաթում պարոն Փաշինյանը՝ թերթի նախկին խմբագիր և նախկին քաղբանտարկյալ, ձեռնարկեց քաղաքացիական անհնազանդության շարժում և տրանսֆորմացրեց երկրի քաղաքական լանդշաֆտը: Դա ստիպեց վերջին 10 տարում ղեկավարած նախագահ Սերժ Սարգսյանին հրաժարական տալ:

Կովկասյան այս փոքրիկ, մոտ 2.8 մլն բնակչություն ունեցող երկրում 1991թ. անկախությունից հետո սա ամենաշոշափելի փոփոխություն էր, գրում է թերթը:

«Ինչպես է հայկական հեղափոխությունը դառնում բրենդ». այսպես է վերնագրել իր ռեպորտաժը «Ալ-Ջազիրան»: Հեղինակն իր ռեպորտաժում կենտրոնացել է հայկական հեղափոխությանը բնորոշ նյուանսների՝ «Դուխով» գրառումներով աքսեսուարների, արվեստի վերածված հեղափոխական պաստառների վրա:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031