Լրահոս
Կոչ սիրիահայությանը
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյան. «Փոքրամասնության կառավարությունը հնարավոր է, երբ խորհրդարանում ոչ ոք չունի մեծամասնություն»

Մայիս 09,2018 15:26

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս օրերին տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին նշեց.

«Այն եզրույթը, որն օգտագործվում է՝ փոքրամասնության կառավարություն, սխալ է օգտագործվում: Փոքրամասնության կառավարությունը հնարավոր է, երբ խորհրդարանում ոչ ոք չունի մեծամասնություն, եւ փոքրամասնության խմբակցություններից մեկն իր վրա վերցնում է պատասխանատվություն: Իսկ այն, ինչ մենք ունենք հիմա, իրավական առումով անհասկանալի մոդել է, երբ ունենք խորհրդարանական մեծամասնությունը, դրա հետ մեկտեղ փոքրամասնություն ներկայացնող վարչապետ, որը վտանգներով լի է»:

Ապա նախարարը բացատրեց. «Ի՞նչ է նշանակում այդպիսի կարգավորում, նշանակում է, որ ամեն անգամ, երբ մեծամասնության որոշումը ձեռնտու չլինի վարչապետին ու փոքրամասնությանը, նրանք պետք է մարդիկ դուրս բերեն փողոց եւ ճնշում գործադրեն պատգամավորների վրա՝ իրենց կամքին դեմ քվեարկելու: Դա ամեն ինչ է, բացի ժողովրդավարություն լինելուց»:

Պաշտպանության նախարարի կարծիքով, դա վտանգներով լի ձեւ է, որովհետեւ միշտ գտնվելու է մարդ, որը ավելի շատ մարդ է կարողանալու փողոց դուրս բերել՝ այլ իրավիճակներում եւ այլ ժամանակներում. «Եվ մենք շատ արագ կարող ենք հայտնվել տարօրինակ վիճակում: Լինում են ծայրահեղ իրավիճակներ, երբ խորհրդարանը չի արտացոլում իրական պատկերը, դասավորվածությունը եւ այլն: Կարող է մի քիչ էքստրեմալ հնչի, բայց ավելի նախընտրելի է այդ դեպքում ազնիվ ասել, որ խորհրդարանը չի ներկայացնում ոչինչ, հռչակվել դիկտատոր եւ որոշումներ կայացնել հրապարակում, հարցնել ժողովրդին, թե ինչպես կքվեարկի այս կամ այն հարցում, ոնց կքվեարկի ժողովուրդը, այդպես օրենքներ ու հրամանագրեր ընդունել, մինչեւ կձեւավորվի նոր խորհրդարան: Նման փորձ աշխարհում շատ է եղել և աշխատել է: Իրավական շղարշով փակել այն, ինչը իրավական հիմնավորում չունի, շատ բարդ է»:

Հարցին, թե վերլուծե՞լ է, թե ինչ կատարվեց, ինչու կատարվեց, պատճառները, սխալները, Վիգեն Սարգսյանն ասաց, որ իրենց թիմի պատասխանատվությունը շատ մեծ է: «Մենք իշխանություն ենք եղել եւ պարտավոր էինք անել բաներ, որոնք թույլ չէին տա նման զարգացում: Չենք արել որոշ բաներ, պատճառների մասին առիթ կունենանք խոսելու: Բոլոր դեպքերում սրված վիճակներում խրոնիկ հիվանդություն չեն բուժում: Հիմա սրված վիճակ է, միջամտություն է եղել վիրաբուժական, պետք է սպասել, որ վիճակը հանդարտվի, կայունանա, որից հետո պետք է սկսել բուժել խրոնիկ հիվանդություններն ու պատճառները, որոնք ծնել են այս իրավիճակը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031