Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մանուկյան. «Համաժողովրդական ալիքը գործածությունից դուրս մղեց տառապանքից ծնված ասացվածքներ ու ասույթներ»

Մայիս 09,2018 14:03

Այս օրերին հասկանալի դարձավ, որ մենք ունենք հաղթանակների պատրաստ սերունդ: Մինչ այդ մեր ժողովուրդը հաղթանակներ է կերտել, բայց ավելորդ համեստության, ինչ-որ տեղ նաև քաղաքավարության ու փոքր ազգի նեղվածության բարդույթները չեն թողել յուրացնել և պահել հաղթողի դափնիները:

Ուրախ եմ, որ նոր սերնդին խորթ է ամեն տարի ռուսական ալիքներով ՄԱՅԻՍԻ 9-ի շքերթ նայելիս՝ հիասթափվել, որ մեր մարշալների անունները չեն հնչում, իսկ օրինակ` վրացի կապիտաններին բաժին են հասնում շնորհակալություններ և խոնարհումներ:

Իրականություն է, որ հաղթեցինք անարդարության դեմ ատամները սեղմելու, պատերի տակ հիասթափության և նեգատիվի հառաչանքներ արձակելուց բացի այլ քայլեր չձեռնարկելու հայկական վարկածին: Կարևոր է, որ քաղաքակրթությունն ու բարձր գիտակցությունը ծնեց հաղթանակած քաղաքացիներ:

Իրականություն է, որ հայրենիքի նկատմամբ պարտքի զգացումը չէր, այլ տիրոջ հոգեբանությունն էր, որ առաջնորդեց հետևողական լինել ձեռքբերածը պահպանելու հանդեպ: Համաժողովրդական ալիքը գործածությունից դուրս մղեց տառապանքից ծնված ասացվածքներ ու ասույթներ, ջախջախեց ժառանգաբար փոխանցվող զգուշության և ավելորդ համբերատարության մղող պապական խրատներ: Այս հեղափոխությունը ստիպեց վերանայել քանակի ու որակի սահմանները, ազատվել կեղծ ու սենտիմենտալ լոզունգներից:

Հայրենական Մեծ Պատերազմից մինչ օրս ունեցած մեր հաղթանակների կերտողները երիտասարդներն են: Այսօրվա երիտասարդի համար բարոյական հաղթանակներով բավարարվելը ոչ միայն անհասկանալի է, այլև ներքին ընդվզման առիթ։

Շնորհավորում եմ բոլորիս, որ մեր երեխաները եկել են իրականություն դարձնելու անարդարության դեմ որոշիչ պայքարը: Նրանք մեզ հասկացրին, որ հնարավոր է ոչ միայն մեկուսի տառապել և կոլեկտիվ հառաչել, այլև փոխելու քայլ անել:

Լուրջ վերանայման կարիք ունի նաև սեփական պատմության հերոսների սայթաքումների դեմ մինչ օրս հնչած միակ բողոքը՝ ԵՍ ՔՈ ՓՈԽԱՐԵՆ ԱՅԴՊԵՍ ՉԷԻ ՎԱՐՎԻ: Գործելու ժամանակներում ենք արդեն ապրում…

Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Արդարադատության նախկին նախարար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031