«Ես անթույլատրելի եմ համարում պաշտպանության նախարարի հրաժարականը մինչեւ նշանակված չէ նոր նախարարը Հայաստանի հանրապետության, մեր մարտահրավերների պայմաններում»,-այսօր ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ մեկնաբանելով երեկվա իր հայտարարությունը , որտեղ նշել էր, որ եկել է բանակի ղեկավարի կարգավիճակում հրաժեշտ տալու պահը:
Նախարարությունում կազմակերպված ասուլիսում պատասխանելով հարցին, թե երեկ այդպես էլ չհասկացվեց, նախարարը հրաժարակա՞ն է տվել, թե ոչ, Վիգեն Սարգսյանն ասաց, որ որեւէ բան իրեն չի կարող իր պարտականություններից հետ պահել մինչեւ չիմանա՝ ով է ստանձնել նախարարի պարտականությունները. «Ես երեկ հայտարարել եմ, որ այո, ես բացառում եմ իմ աշխատանքը նոր կառավարության կազմում, որովհետեւ պաշտպանության նախարարը, եւ ցանկացած նախարար առհասարակ, դա վարձու աշխատող չէ: Խոսքը ո՛չ արհեստավարժության ո՛չ հայրենասիրության մասին չի կարող լինել: Քաղաքական պաշտոն է, քաղաքական հայացքների խնդիր է, թիմի խնդիր է, միասնության խնդիր է եւ խորը վստահության խնդիր է, որովհետեւ արդյունավետ նախարար լինել շատ դժվար է, եթե դու չունես համախոհների թիմ, եթե դուք նույն խնդրին չեք ծառայում: Հետեւաբար, իհարկե, անհնար եմ տեսնում իմ աշխատանքը շարունակելը: Բայց ինչպես երեկ եմ ասել, դա բացառում եմ, որ ես որեւէ ձեւով ինքնամեկուսացվում եմ գործընթացներից»:
Վիգեն Սարգսյանի խոսքով. «Ես համարում եմ, որ հասարակությանը, երկրին, ժողովրդին կարելի է ծառայել ամենատարբեր կարգավիճակներում եւ պաշտոնն ընդամենը դրա միջոցներից մեկն է»:
Անդրադառնալով հրաժարական տալ-չտալուն, Վիգեն Սարգսյանն ասաց, որ մեր Սահմանադրությունը չի ենթադրում հրաժարական պաշտպանության նախարարի պաշտոնակատարի, եւ բավարար է, որ նշանակվի նոր նախարար եւ ինքն օրենքի ուժով այդ ժամանակվանից սկսած կդադարի լինել պաշտպանության նախարար:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ