«Ես կարծում եմ, Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր մարդ է, ես իր հետ շատ գործնական եւ հարգալից հարաբերություններ ունեմ, եւ իմ ներդրումն անպայման դերակատարում կունենա, որպեսզի կառավարությունը հաջողության հասնի: Հակառակ դեպքում անիմաստ է այս ամբողջ շարժումը, անիմաստ կլինի այն բոլոր հույսերը, որ ժողովուրդն ունի ապագայի հանդեպ»,-այսօր պատասխանելով հարցին, թե կարծում եք, որ ընդդիմության առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը, որն արդեն կառավարության ղեկավարն է կարդարացնի՞ ժողովրդի հույսերը, ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Նա, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին այցելել էր Հաղթանակի զբոսայգի՝ շնորհավորելու եւ հարգանքի տուրք մատուցելու մայիսի 9-ի՝ Շուշիի հաղթանակի առիթով, ինչպես նաեւ Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակը հարգելու:
Արմեն Սարգսյանը շնորհավորելով հաղթանակների առթիվ ասաց, որ այսօր նոր հանրապետության առաջին օրն է. «Երեկվանից հետո մեր երկրում շատ բան է փոխվել, մենք ունենք նոր վարչապետ: Երիտասարդները ժողովրդի մեծ մասը հույսեր ունեն, որ վաղն ավելի լավ է լինելու»:
Նախագահն ասաց, որ ինքն էլ հույսեր ունի, որ լավ է լինելու:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ ինքն առաջադրվել է մի անձի կողմից, որին հասարակությունը մերժեց, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Ես առաջադրվել եմ հանրապետության երրորդ նախագահի կողմից: Կարող էի առաջադրվել, եթե Նիկոլ Փաշինյանն առաջադրվեր, եւ այդ հնարավորությունն ունենար, որպեսզի իմ թեկնածությունն Ազգային ժողովում անցներ պարոն Ծառուկյանը կամ Հայ հեղափոխական դաշնակցությունը, ապա կմտածեի լուրջ, գուցե եւ ընդունեի: Իմ խնդիրն այն չէ, թե ով է ինձ առաջադրել՝ կարեւորն այն է, որ ես պատրաստ եմ ծառայելու իմ երկրին: Եթե լավ ծառայեմ, ուրեմն լավ նախագահ եմ, եթե լավ չծառայեմ, ուրեմն լավ նախագահ չեմ: Կարծեմ նույն պառլամենտը, որն ընտրել է ինձ, ընտրել է նաեւ պարոն Փաշինյանին: Այնպես որ խնդիրը հետեւյալը չէ, թե ով առաջադրեց, ինչպես առաջադրեց: Խնդիրն այն է, կարողանալո՞ւ ենք արդյոք մեր երկիրը բոլորս միասին դարձնել այն երկիրը, որ ձեզնից յուրաքանչյուրը, եւ ես երազել ենք 26 տարի»:
Նախագահը նաեւ պատասխանելով այն հարցին, թե խոսվեց, որ էական փոփոխություններ պետք է լինեն, չպե՞տք է դատվեն իշխանությանը մաս կազմող բազմաթիվ քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ, որոնք թալանել են երկիրը, պետական բյուջեն, ասաց. «Ես ոչ դատավոր եմ, ոչ էլ կառավարություն եմ ներկայացնում: Մենք ունենք այսօր վարչապետ: Ես հույս ունեմ, որ մոտ օրերին վարչապետը կկարողանա կազմել նոր կառավարություն եւ խնդիրների մեծ մասին, որոնք գիտենք՝ լինեն տնտեսական, թե անարդարության, կապված կոռուպցիայի հետ, կամ բարեկեցությանը վերաբերող, նոր կառավարությունը պետք է լուծի: Ինչ վերաբերում է գնահատականներին. առանձին անհատների ամենամեծ գնահատականն ասված է՝ ժողովուրդը եւ ժամանակ: Դրանից հետո, թե առանձին անհատներին լինի իրավական թե այլ ձեւով, ես գնահատողը չեմ»:
Արմեն Սարգսյանը նաեւ ասաց, որ իր համար հեղափոխությունը հեղափոխություն էր հայկական ձեւով. «Պետք է հպարտ լինել այսօրվա Հայաստանով, որովհետեւ ոչ մի ուրիշ երկիր չի կարողացել վերջին տասնամյակներին այսպես անել»:
Նա նաեւ ասաց, որ հետեւում է միջազգային մամուլին եւ Հայաստանի վարկանիշը մեկ կարգով բարձրացել է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ