Ավետիք Իշխանյանը կարծում է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների որոշ մասին պետք է ազատ արձակել իրադրության փոփոխության պատճառով կամ համաներումով։ Խոսքն, իհարկե, այն մարդկանց մասին չէ, որոնց անունները շրջանառվում են՝ կապված ոստիկանների սպանության հետ։ Դրա համար, ըստ Իշխանյանի, պետք է լինի արդար դատաքննություն։
Իսկ ինչպե՞ս վարվել, որ հիմա էլ, իշխանափոխությունից հետո, դատարանները, իրավապահ համակարգը, քաղաքական հայացքների համար ազատազրկված անձանց հետ վարվելու հարցում չդիմեն մյուս ծայրահեղությանը եւ գործեն օրենքի շրջանակներում։
Ավետիք Իշխանյանը համաձայն է այդ մտահոգությանը եւ կարծում է, որ այդ հարցում բարդ է գտնել լուծումներ։
«Եթե մենք նրանց այսօրվանից ասենք՝ դուք ազատ եք, դուք որոշեք, շատ հնարավոր է, որ իմ նշած անձանցից մի մասի նկատմամբ լինեն տարբերակված մոտեցումներ, որովհետեւ իրենք են նրանց այն ժամանակ դատապարտել պատվերով։ Ցանկալի կլինի, որ նրանք ինքնուրույն ընդունեն իրենց սխալները, եւ դատարանները արդարացնեն ու ազատ արձակեն քաղբանտարկյալներին։
Եթե նույնիսկ գործադիր իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, նրանց առաջադրանք տա եւ այլ մեթոդներ կիրառի, եւ նրանք կարողանան ներկայացնել համաներում, ապա պետք է անցում կատարեն դատաիրավական բարեփոխումների»,- ասաց իրավապաշտպանը։ Այդ բարեփոխումների արդյունքում էլ, ըստ նրա, պատվեր կատարած իրավապահները պետք է առնվազն հեռացվեն համակարգից, եւ Հայաստանում դատական համակարգը, ուժային կառույցները, բանակը զերծ լինեն քաղաքական իշխանության ազդեցությունից։
«Առայժմ կան սպասելիքներ Նիկոլ Փաշինյանից, որ նա ինչ-որ ձեւով կլուծի քաղբանտարկյալների հարցը, հակառակ դեպքում հանրությունը չի ընկալի դա»,- ասաց իրավապաշտպանը։
Ավետիք Իշխանյանին հիշեցրինք, որ հենց մարտի 1-ի եւ այլ քաղաքական դատավարությունների ժամանակ հրապարակվել են իշխանությունների հրահանգով պատվեր կատարած դատավորների, դատախազների, ոստիկանների, քննիչների անունները, լուսանկարները։
«Ես կարծում եմ, որ նրանք պետք է հեռացվեն համակարգից։ Ոչ միայն պատվեր տվողն է պատասխանատու, այլեւ պատվեր կատարողը։ Ես չեմ ուզում համեմատել, որովհետեւ հանցագործություններն ու մասշտաբներն են տարբեր, բայց Նյուրնբերգյան դատավարությունը դատապարտեց ոչ միայն պատվեր տվողներին, այլեւ անօրինական պատվեր կատարողներին»,- հիշեցնում է իրավապաշտպանը։
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում