Երեկ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկությունից առաջ պատգամավոր Արարատ Զուրաբյանն իր կարճ ելույթում անդրադարձավ նաև ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձին: Զուրաբյանը բառացի դա չասաց, սակայն ակնարկեց, որ «մենք ունենք մեկ քաղաքական վտարանդի, որին պետք է շուտ վերադարձնել Հայաստան»:
Նշենք, որ այս շարժման առաջին օրերին հնչում են Վանո Սիրադեղյանի վերադարձի առաջարկներ, պահանջներ: «Ժամանակ»-ը փորձեց հասկանալ, թե իրավական առումով որքանով իրագործելի առաջարկ է:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը կարծում է, որ Սիրադեղյանը կարող է վերադառնալ Հայաստան՝ հաշվի առնելով այն ժամանակահատվածը, որ նա թաքնվում է քննությունից: «Վաղեմության ժամկետներն անձանց նկատմամբ, ովքեր գտնվում են հետախուզման մեջ, թաքնվում են քննությունից, նախկինում գործող Քրեական օրենսգրքով սահմանված է եղել 15 տարի, ներկայումս գործող քրեական օրենսգրքով սահմանված է 20 տարի: Կարծում եմ՝ պետք է կիրառվի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով պատասխանատվությունից ազատելու դրույթը»,- ասաց Վարոսյանը՝ հավելելով, որ խնդիրն այն է, թե երբվանից պետք է հաշվել վաղեմության ժամկետը: Օրենքով սահմանված կարգով վաղեմության ժամկետը հաշվվում է մեղսագրվող վերջին արարքի կատարումից սկսած, բացի դրանից, անձը պետք է թաքնվելու ընթացքում այլ հանցագործություններ կատարած չլինի:
Փաստաբանի խոսքով՝ եթե ամեն դեպքում որոշում կայացվեց Վանո Սիրադեղյանի վերադարձի մասով, ապա նրա հետ գալը պետք է ձևակերպվի քրեական գործով, համապատասխան կերպ: Սիրադեղյանը կարող է ինքնակամ ներկայանալ նախաքննական մարմնին, կամ նրան հայտնաբերեն և ներկայացնեն իրավապահ մարմիններին, որից հետո դատարանը պետք է համապատասխան որոշում կայացնի: «Թե ինչ որոշում կընդունի դատարանը, չգիտեմ, սակայն, ենթադրում եմ, որ պետք է լինի քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում