Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այն հրապարակումներին, որ պաշտպանության նախարարի հնարավոր թեկնածու է Դավիթ Տոնոյանը, ասաց, որ անձամբ իր համար շատ հարմար կլիներ պաշտպանության նոր նախարարի պաշտոնում տեսնել Դավիթ Տոնոյանին, քանի որ, ըստ Վիգեն Սարգսյանի, նա լավ գիտի պաշտպանության նախարարությունը, ունի փորձ ու գիտելիքներ:
Նախարարի խոսքով՝ Դավիթ Տոնոյանը կունենա նաեւ համեմատության եզրեր եւ կկարողանա ավելի հեշտ գնահատել վերջին 1.5 տարվա աշխատանքն ու դրա արդյունավետությունը:
Վիգեն Սարգսյանը եւս մեկ անգամ կրկնեց, իր ավելի վաղ հնչեցրած միտքը, որ նախարարը վարձու աշխատող չէ, նա քաղաքական թիմի անդամ է. «Ես զարմացել եմ Դավիթ Տոնոյանի արձագանքից, այն հնչեցված հայտարարություններին, որ Արարատ Միրզոյանը հրապարակում արեց, որ քննարկվում է Տոնոյանի թեկնածությունը: Դա նշանակում է, լինելով կառավարության կազմում, բաց թողնել դռները նման բանակցությունների համար: Ես անձամբ երբեք այդպես չեմ արել, ինձ համար դա համարել եմ տաբու: Բայց մարդիկ տարբեր ձեւ են մտածում, տարբեր ձեւ են ապրում, իր անձնական ընտրությունն է եղել:
Հեղափոխական ժամանակները միշտ կողմնորոշման ենթադրություն են ունենում, թեեւ ուզում եմ մի բան ֆիքսել՝ ես տեղի ունեցածը հեղափոխություն չեմ համարում, որովհետեւ հեղափոխությունը դա պետաիրավական համակարգի փոփոխություն է: Իսկ մեզ մոտ տեղի է ունեցել իշխանափոխություն»,-ասաց Վիգեն Սարգսյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ