Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե այն օրերին ունեցած զինուժը համեմատենք այսօրվա չափանիշների հետ, ապա կարելի է ասել, որ անզեն էինք. Արկադի Կարապետյանը` Շուշիի ազատագրման մասին

Մայիս 09,2018 10:14

«Շուշիի ազատագրումը շատ ավելի վաղ էինք նախատեսում, ուղղակի վերջնական պատրաստ չլինելու պատճառով գրոհի օրը մի քանի անգամ տեղափոխեցինք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի ազատագրման Շոշի ուղղության հրամանատար Արկադի Կարապետյանը և ընդգծեց. անցան հարձակման, երբ զգացին` արդեն պահն է:

Նա պատմեց, որ մարտական գործողությունները սկսեցին մայիսի 7-ին` Սուրբ Խաչի երևման տոնին. «Սա զուգադիպություն լինել չի կարող, քանի որ հնարավոր չէ լինեն այսքան պատահականություններ. 1988 թվականի փետրվարի 13-ին Ստեփանակերտում համաժողովրդական առաջին հանրահավաքը տեղի ունեցավ Տյառնընդառաջի տոնի օրը, 1991 թվականի հունվարի 6-ին ընդունվեց Արցախի անկախության հռչակագիրը` Սուրբ Ծննդյան տոնի օրը»,- նկատեց Ա.Կարապետյանը:

Նա նշեց, որ եթե այն օրերի մեր ունեցած զինտեխնիկան և զինամթերքը համեմատենք այսօրվա չափանիշների հետ, ապա կարելի է ասել, որ հայկական կողմը անզեն էր:

«Բանակում կադրային սպաներ գրեթե չկային: Եղածներն էլ չէին հասկանում. իրենք ուրիշ բան էին սովորել, իսկ մեր իրավիճակն այլ էր. ինչը որ սովորել էին ուսումնարաններում, մեր պարագայում անհրաժեշտ չէր: Նրանք հաշվարկում էին. տվյալ գրոհի համար այսքան մարդ է պետք, այսքան զինամթերք, բայց այն թվերը, որոնք նրանք էին ասում, մենք նույնիսկ պատերազմի վերջում չունեինք»,- ասաց Ա. Կարապետյանը:

Հրամանատարը պատմեց, որ թվով ադրբեջանցիներից ավելի քան երկու անգամ քիչ էին, իսկ զենք-զինամթերքի առումով պակասն ավելի շատ էր: Արևելյան ուղղությունում, իր հրամանատարությամբ գործող ջոկատները, գրոհը սկսեցին Շոշ գյուղի ուղղությամբ` մայիսի 7-8-ի գիշերը` ողջ օրվա ընթացքում ունենալով ծանր մարտեր: Մայիսի 9-ի առավոտյան ադրբեջանցիները արդեն լքել էին քաղաքը: Իսկ երբ մտել են քաղաք, դիմադրության գրեթե չեն հանդիպել:

«Շուշիի ազատագրումով մի քանի հարց լուծվեց. նախ ադրբեջանցիների շրջանում դրան հաջորդեց խուճապը, իսկ մեզ մոտ բարոյահոգեբանական մթնոլորտի և մարտական ոգու բարձրացում, բացի այդ հրետանու հարվածներից ազատվեց Ստեփանակերտը, ինչպես նաև ճանապարհ բացվեց դեպի Հայաստան,որի արդյունքում Լաչինը գրեթե առանց կրակոցի ազատագրվեց»,- նշեց Ա. Կարապետյանը, առանձնացնելով նաև այն փաստը, որ ադրբեջանցիները հեռանալով` Շուշիում թողեցին մեծ թվով զինամթերք:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031