Սկիզբը՝ այստեղ
ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել ՀՀ նոր կառավարության հետ
Մոսկվայից, Վաշինգտոնից, Բրյուսելից հնչող հայտարարությունները վկայում են այն մասին, որ Հայաստանի նոր իշխանությունների հետ բոլորը պատրաստ են համագործակցության, նրանք սպասում են Հայաստանում ներքաղաքական իրավիճակի վերջնական հանգուցալուծմանը: Թե ինչպես կզարգանան Հայաստանի հարաբերությունները Հայաստանում եւ տարածաշրջանում շահեր ունեցող երկրների հետ՝ կախված կլինի նոր իշխանությունների որդեգրած քաղաքականությունից:
Արեւմտյան մամուլը, ինչպես եւ ռուսաստանյանը վերջին շաբաթներին բավական մեծ հետաքրքրությամբ եւ ակտիվությամբ էր հետեւում հայաստանյան իրադարձություններին: Արեւմտյան կառույցների ներկայացուցիչների, դիվանագետների ու պաշտոնյաների հայտարարությունների պակաս եւս չէր զգացվում:
«Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացը Հայաստանի ներքին հարցն է՝ հայ ժողովրդինը եւ նրանց խորհրդարանի անդամներինը», անցյալ շաբաթ հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մի խոսնակն` ավելացնելով. «Մենք վստահ ենք, որ նրանք այդ հարցը կլուծեն խաղաղ եղանակով եւ համաձայն սահմանադրության ու բոլոր կանոնների: Մենք, որպես Հայաստանի բարեկամ երկիր ու գործընկեր, միշտ խրախուսել ենք քաղաքական փակուղուց դուրս գալու նպատակով գնալ կառուցողական երկխոսության: Հիմա էլ հորդորում ենք նոր կառավարության խաղաղ ձեւավորում համաձայն բոլոր կանոնների եւ ի նպաստ բոլոր հայերի շահերի: Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը արժեքավոր գործընկերներ են: Եվ պատրաստ ենք երկու կողմերի համար հետաքրքրություն վայելող հարցերի շուրջ սերտորեն աշխատել նոր կառավարության հետ, երբ այն կազմավորվի», նշել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակը:
ՀՀ քաղաքացիներն ապացուցեցին ունեն իշխանություն եւ կարող են այն օգտագործել՝ քաղաքական փոփոխությունների հասնելու համար
Հայաստանի թավշյա հեղափոխության դրդապատճառներն ու ազդեցությունը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության վրա՝ վերլուծել են ամերիկացի վերլուծաբանները: «Հայաստանի ներկայիս իրավիճակը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը չի նահանջում: Արեւմուտքում ընթացող զարգացումները, մասնավորապես Դոնալդ Թրամփի ընտրությունը, պոպուլիստ առաջնորդների հաղթանակները, միտված են դեպի ավելի ավտորիտար համակարգերի հաստատում, սակայն Հայաստանն ապացուցեց, որ քաղաքացիներն ունեն համապատասխան իշխանություն եւ կարող են այն օգտագործել քաղաքական փոփոխությունների հասնելու համար», ըստ «Ամերիկայի ձայնի»՝ նման կարծիք է հայտնել Կարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Փոլ Ստրոնսկին: «Կարծում եմ Վաշինգտոնը, Բրյուսելն ու Մոսկվան դասեր են քաղել 2014թ. ուկրաինական զարգացումներից, երբ շատ արագ կարծիք ձեւավորեցին տեղի ունեցածի վերաբերյալ: Հայաստանում տեղի ունեցած ընդվզումը ներքեւից է մղվել վերեւ եւ կարծում եմ այն զարմացրել է շատերին, ներառյալ պարոն Փաշինյանին: Բոլոր կողմերը փորձեցին չքաղաքականացնել տեղի ունեցածը՝ հակառակ ուկրաինական իրադարձությունների»,-ընդգծում է Ստրոնսկին:
Իսկ ամերիկացի նախկին դիվանագետ, վերլուծաբան Ռիչարդ Կազլյարիչը համարում է. «Ողջունելի է այն հանգամանքը, որ Հայաստանի ժողովուրդը խաղաղ միջոցներով պայքար է սկսել այն խմբի դեմ, որին չի համարում լեգիտիմ: Պետք է շնորհավորել Հայաստանի ժողովրդին խաղաղ եւ հանրային միջոցներով իր ձեռքբերումների համար»: Ներքաղաքական տեսանկյունից հայկական թավշյա հեղափոխության հաջողության հիմքում էին ընկած մի շարք կարեւոր դրդապատճառներ, ներառյալ ընդդիմության երիտասարդացումն ու սերնդափոխությունը, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարումը բռնի սցենարից, երկար տարիներ գործող համակարգի անարդյունավետությունն ու սոցիալ-տնտեսական խնդիրները: Փորձագետները ընդգծում են երկրում համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը, հայտնում է ռադիոկայանը:
«Շատ վաղ է համակարգային բարեփոխումների մասին գնահատականներ տալ, բայց Սերժ Սարգսյանի ինքնակամ հրաժարականը եւ իշխանությունից հեռանալը իրականում անհերքելիորեն նշանակալի փաստ է: Սա հույս է հաղորդում բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են բարեփոխումներ տեսնել: Հույսի արթնացման զգացողությունը չափազանց կարեւոր է՝ հաշվի առնելով, մասնավորապես հետխորհրդային տարածքի ավելի ավտորիտար երկրներում հույսի բացակայությունը», նկատել է Freedom House կազմակերպության Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենթը: Նա հույս ունի, որ Հայաստանին, որը անվտանգությունից ելնելով սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով ԼՂ հակամարտությունը, կհաջողվի որդեգրել բազմակողմանի արտաքին քաղաքականություն. «Նկատի ունեմ, եթե Հայաստանում նոր իշխանություն ձեւավորվի, այն, թեեւ լինելով ռուսաստանամետ, հնարավորություն կունենա ավելի ժողովրդավարական ճանապարհով նաեւ կառուցողական հարաբերություններ հաստատել այլ երկրների հետ»:
ԵԽ-ն ուշիուշով հետեւում է Սահմանադրության իրականացման առաջին քայլերին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն օրերս հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ, նրանք քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը: ԵԽ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Յագլանդն ընդգծել է, որ սահմանադրական բարեփոխումների ընթացքում Հայաստանին օժանդակելուց հետո Եվրոպայի խորհուրդն ուշիուշով հետեւում է Սահմանադրության իրականացման առաջին քայլերին, եւ պետք է հարգել դրա յուրաքանչյուր տառն ու ոգին: Յագլանդն ընդգծել է, որ կազմակերպությունը պատրաստ է հետագայում էլ աջակցել Հայաստանին՝ մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության արժեքների վրա հիմնված հասարակություն կառուցելու ճանապարհին:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը ուշիուշով հետեւում է Հայաստանի իրադարձություններին եւ ողջունում է քաղաքական ուժերի միջեւ ակտիվ երկխոսությունը, նշել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգ Ծերեթելին: «Ես հույս ունեմ, որ այս փակուղին արագ քաղաքական լուծում կգտնի, որպեսզի կառավարությունը կարողանա կենտրոնանալ Հայաստանի առաջ կանգնած բազմաթիվ մարտահրավերների վրա: Կոչ եմ անում քաղաքական առաջնորդներին շարունակել երկխոսությունը, ինչպես նաեւ աշխատանքը քաղաքացիական հասարակության եւ միջազգային հանրության հետ՝ գտնելու գոհացուցիչ լուծում, որը պետք է լինի երկրի քաղաքական մշակույթի զարգացման առավել լայն գործընթացի շրջանակում»:
«Հայաստանը դուրս է գալիս հետխորհրդային ճահճից»
Հայաստանը, թվում է, վերջապես կտրվում է իր հետխորհրդային տկարությունից եւ բռնում ժողովրդավարական փոփոխությունների ճանապարհը՝ շնորհիվ շարժման, որը փորձում է հավասարակշռություն պահել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, վերջերս The Washington Post-ում գրել էր Դեյվիդ Իգնատիուսը: Ներկայացնելով վերջին օրերի իրադարձությունների ժամանակագրությունը՝ լրագրողը նկատում է, որ եթե Փաշինյանին հաջողվի նոր կառավարություն ձեւավորել, դրա պատճառը գլխավորապես կլինի այն, որ ոստիկանությունը եւ բանակը հրաժարվեցին կրակ բացել ցուցարարների վրա եւ սկսեցին աջակցել նրանց: «Համաքաղաքացիների վրա չկրակելը հաճախ սոցիալական փոփոխությունների հիմք է հանդիսանում. դա հատկապես գործում է Հայաստանում, որն անցյալ ամիս ոգեկոչում էր 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարելիցը», գրում է Իգնատիուսը: Վերջին 25 տարիներին Հայաստանի հիմնական քաղաքական դիլեման եղել է այն՝ ինչպես համատեղել արեւմտամետ քաղաքական համակրանքը ՌԴ-ից ռազմական կախվածության հետ: Լրագրողը գտնում է, որ այս փակուղին օգնեց Սարգսյանի շուրջ ձեւավորել ռուսամետ օլիգարխների շրջանակ, որն իր ձեռքում կենտրոնացրեց երկրի հարստության մեծ մասը: «Իր ժողովրդի ամբողջ ձեռնարկատիրական ոգով հանդերձ կոռումպացված եւ ավտորիտար Հայաստանը երբեք չհասավ մյուս նախկին խորհրդային հանրապետությունների կապիտալիստական թռիչքին: Ժողովրդական ընդվզման նկատմամբ մինչ այժմ հանդուրժողական վերաբերմունք է ցույց տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա, կարծես թե, որոշել է, որ ավելի լավ է զոհաբերել իր դաշնակից Սարգսյանին, քան ռիսկի դիմել կորցնել Հայաստանը:
Լրագրողը կարծում է, որ Փաշինյանը կարողացավ դուրս գալ հետխորհրդային ճահճից մի քանի պատճառով. նախ, նրա շարժումը ոչ բռնի էր եւ գլխավորապես հենվում էր երիտասարդների եւ ծերերի վրա, «վեր բարձրացրած ձեռքերը» խորհրդանշում էին քաղաքացիական անհնազանդությունը, որը դարձավ ցուցարարների կարգախոսներից մեկը: «Երկրորդ, Փաշինյանը հրաժարվեց բռնել Արեւմուտքի կամ Ռուսաստանի կողմը՝ որդեգրելով «հայամետ» մոտեցում: Նա Մոսկվային հավատացրեց, որ վարչապետ դառնալու դեպքում չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանի հետ ռազմական եւ առեւտրային համաձայնագրերից: Միաժամանակ, նրա ժողովրդավարական ուղղվածության շարժումը շահել է Եվրոպայի եւ ԱՄՆ-ի համակրանքը՝ ավելի լայն բարեկամության հեռանկարներ առաջարկելով այդ փոքր, հուսալքված ժողովրդի համար: Փաշինյանի շարժումն առաջարկում է փոփոխություններ, բայց ինչպես սովորաբար լինում է նման շարժումների դեպքում, դրա մանրամասները մշուշոտ են», գտնում է Իգնատիոսը:
«Արտաքին ուժերը չպետք է կողմերից որեւէ մեկին սատարեն»
Դա ավելի շատ նման էր տոնախմբության, քան հեղափոխության, գրում է բրիտանական հեղինակավոր Economist-ը՝ անդրադառնալով հայաստանյան վերջին զարգացումներին: «Անվադողեր այրելու ու բարիկադներ կառուցելու փոխարեն երիտասարդները փաթաթվում էին հայկական դրոշով, փողոցում պարում, ճանապարհներն էլ փակում վոլեյբոլ խաղալով կամ պարզապես գորգերի վրա նստելով: Այս ամենի ետեւում, սակայն, թավշա հեղափոխությունն է, որն առաջնորդում է Հայաստանի երիտասարդ սերունդը՝ անկախացումից ի վեր երկիրը վերահսկող հին գվարդիայի դեմ», – գրում է Economist-ը, հավելելով. «Մայիսի 1-ին՝ վարչապետի ընտրության օրը տասնյակ իշխանամետ պատգամավորներ փորձեցին վարկաբեկել Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով նրան որպես վտանգավոր, հակառուս եւ Կրեմլի համար ոչ ընդունելի թեկնածու, սակայն Մոսկվան լուռ էր»: Ըստ Economist-ի՝ «ՌԴ-ն վստահ էր Հայաստանի վրա ունեցած իր ռազմավարական իշխանության վրա եւ չէր ցանկանում աջակցել պարտվող կողմին»:
Բրիտանական Independent-ն անդրադառնալով Փաշինյանի ծրագրերին, փաստում է՝ մայիսի 1-ին՝ վարչապետի ընտրության օրը, նա խուսափեց ինքն իրեն ներկայացնել որպես ձախակողմյան կամ աջակողմյան գործիչ, պնդելով, թե այդ մոտեցումներն այլեւս կենսունակ չեն: «Ոմանք կարծում են, որ միտումնավոր քայլ էր՝ առավել ընդարձակ ընդդիմադիր կոալիցիա ձեւավորելու համար, սակայն նրանք, որոնք ծանոթ են Փաշինյանին, նրան ներկայացնում են որպես ի սրտե լիբերալ, գործնականում՝ ինքնավստահ պոպուլիստ, հարկ եղած դեպքում էլ՝ պրագմատիկ քաղաքական գործիչ», գրում է Independent-ը:
Ամերիկայի ազգային պաշտպանության ինստիտուտի պրոֆեսոր Էնդրյու Նովոն Atlantic Council-ում հրապարակած հոդվածում պնդում է՝ Հայաստանում «հանրապետականների կառավարությունը բնորոշվում էր կասկածելի ընտրական գործընթացներով, կոռուպցիայով եւ բնակչության հանդեպ ճնշումներով»: Վերլուծելով համազգային շարժման պատճառները, փորձագետը նշում է. «Մարդիկ ուզում են շուկայական տնտեսություն, ոչ թե տնտեսություն, որը հիմնված է իշխող էլիտայի եւ նրանց հարազատների բանդիտական սեփականաշնորհման վրա, նրանք ուզում են գործող ժողովրդավարություն, ոչ թե կեղծ ընտրություններ, աշխարհաքաղաքական անկախություն, ոչ թե սեփական ինքնիշխանության զիջումը Մոսկվային»: Փաստելով, որ ՌԴ-ն բավական զուսպ էր հետեւում հայաստանյան թավշյա հեղափոխությանը, ամերիկացի պրոֆեսորը միաժամանակ նշում է՝ հենց որ ՌԴ-ն զգա, որ իր հարաբերությունները Հայաստանի հետ վտանգի տակ են, կփորձի մեկուսացնել դեմոկրատական բարեփոխումների առաջնորդներին կամ տապալել նրանց: «Եթե արեւմուտքը ոչինչ չանի ժողովրդավարական այս ցույցերի էական արդյունքներն ամրապնդելու համար, բարեփոխումները կլինեն ավելի շատ մակերեսային, քան խորքային, եւ Հայաստանը կմնա Ռուսաստանի աղքատ կցորդը: Եթե ԱՄՆ-ի ու Եվրոպայի քաղաքական գործիչներն ուզում են հավատարիմ մնալ ժողովրդավարությանն աջակցելու՝ իրենց կոչերին, նրանք չպետք է թողնեն, որ Հայաստանի ժողովուրդը միայնակ դիմակայի իր օլիգարխիկ ռեժիմին ու համակարգային կոռուպցիային», ընդգծում է ամերիկացի պրոֆեսորը:
Միջազգային ճգնաժամային խումբն էլ հայաստանյան զարգացումներին նվիրված զեկույցում փաստում է՝ արտաքին ուժերը չպետք է կողմերից որեւէ մեկին սատարեն, բայց նաեւ չպետք է շատ հեռանան գործընթացներից: «Խիստ չեզոքություն պահպանելով՝ նրանք կարող են տեխնիկական աջակցություն եւ խորհրդատվություն տրամադրել՝ ներկայիս ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու եւ արտահերթ ընտրությունների պատրաստվելու համար»,- նշում է փորձագիտական խումբը, միաժամանակ, զգուշացնելով՝ «ցանկացած արտաքին ուժ, որ կակնարկի անգամ, թե փորձում է այս ամենից օգուտներ քաղել, անախորժություններ կստեղծի իր իսկ համար»:
Սկիզբը՝ այստեղ
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» 9.05.2018