Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎՊ-ն պետպատվերով տրամադրվող հեմոդիալիզի ծառայությունից դժգոհ է

Մայիս 09,2018 14:30

Վերահսկիչ պալատը հայտնաբերել է, որ հեմոդիալիզի ծառայություն մատուցող կազմակերպությունները յուրաքանչյուր հիվանդի մեկ սեանսի համար ներկայացրել են 17,4 հազար դրամից մինչեւ 26.9 հազար դրամ գումար:

Տարեցտարի մեր երկրում հեմոդիալիզ ստացող քաղաքացիների թիվն ավելանում է, պետբյուջեից բուժհիմնարկներին այդ ծառայությունն իրականացնելու համար տրամադրվող գումարները` նույնպես: Հայաստանի քաղաքացիները հեմոդիալիզը ստանում են պետական պատվերի շրջանակներում: Եթե 2015 թվականին դիալիզ ստացող հիվանդների թիվը մեր հանրապետությունում եղել է 731, 2016-ին` 787, ապա 2017-ին նրանց թիվը դարձել է 794: Միայն անցյալ տարի հեմոդիալիզի համար պետությունը բուժհիմնարկներին փոխանցել է 2 միլիարդ 229 միլիոն 612 հազար դրամ: 2015-ին այդ գումարը կազմել է 1 միլիարդ 937 միլիոն 251.5 հազար դրամ, իսկ 2016-ին` 2 միլիարդ 71 միլիոն 65 հազար դրամ:

Վերահսկիչ պալատը (ՎՊ) առողջապահության նախարարության գործունեությունն ուսումնասիրելիս անդրադարձել է նաեւ հեմոդիալիզի ծառայությունների ծրագրին: ՎՊ-ն պարզել է, որ պետպատվերի շրջանակներում իրականացվող այս ծառայությունը ծրագրային հեմոդիալիզի համար սահմանված չափորոշիչներ չունի: Այսինքն` յուրաքանչյուր տարի նախատեսված ֆինանսավորումն իրականացվում է բժշկական կազմակերպությունների կողմից հիվանդների սահմանված առավելագույն չափաքանակով` ՀՀ առողջապահության նախարարության հրամանով: Ծառայության գինը սահմանվում է՝ ելնելով տվյալ տարվա համար պետբյուջեով այդ նպատակի համար նախատեսված միջոցներից:

Նշենք, որ այսօր մեր հանրապետությունում հեմոդիալիզի ծառայություն են իրականացնում թվով 14 բուժհիմնարկներ, որոնցից 9-ը՝ մարզերում:

Վերահսկիչ պալատի ներկայացրած հաշվետվությունից պարզ է դառնում, որ հեմոդիալիզի ծառայության համար ամենամեծ ֆինանսավորումը թե 2015-ին, թե 2016-ին եւ թե 2017 թվականներին ստացել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ՍՊԸ «Աստղիկ» բժշկական կենտրոնը, որին միայն անցյալ տարի փոխանցվել է 574 միլիոն 476 հազար դրամ: Նրան հաջորդում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, որին 2017 թվականին պետբյուջեից փոխանցվել է 412 միլիոն 192 հազար դրամ: Հեմոդիալիզ իրականացնող բուժհիմնարկներից գումարի մեծությամբ 3-րդ տեղում է «Էրեբունի» բժշկական կենտրոնը` 223 միլիոն 137 հազար դրամ: «Արաբկիր» բժշկական համալիրին պետբյուջեից փոխանցվել է 198 միլիոն 829 հազար դրամ:

Մարզային հիվանդանոցներից այս առումով առաջատարը Վանաձորի բժշկական կենտրոնն է, որին անցյալ տարի հեմոդիալիզի ծառայություն իրականացնելու նպատակով փոխանցվել է 161 միլիոն 995 հազար դրամ: Ապա Գյումրու բուժկենտրոնն է, որին փոխանցվել է 133 միլիոն 886 միլիոն դրամ: Գումարի մեծությամբ երրորդ տեղում Գավառի բուժկենտրոնն է` 78 միլիոն 844 հազար դրամ:

Նշենք, որ յուրաքանչյուր այցի արժեքը 18 հազար 100 դրամ է: Յուրաքանչյուր հիվանդ տարվա մեջ այցելում է 153 անգամ: Մեկ հիվանդի համար տարեկան գումարը կազմում է 2 միլիոն 769.3 հազար դրամ:

Վերահսկիչ պալատը հայտնաբերել է, որ հեմոդիալիզի ծառայություն մատուցող կազմակերպությունները յուրաքանչյուր հիվանդի մեկ սեանսի համար ներկայացրել են 17,4 հազար դրամից մինչեւ 26.9 հազար դրամ գումար:

Վերահսկիչ պալատի մասնագետների դիտարկմամբ՝ ընկերությունները գների ինքնարժեքում հեմոդիալիզատորի համար հաշվարկել են 4.56 հազար դրամից մինչեւ 6.5 հազար դրամ՝ այն դեպքում, երբ դրա արժեքը, ստացված տեղեկատվության համաձայն, միջին հաշվով կազմում է 3-3.9 հազար դրամ: Ըստ Վերահսկիչ պալատի՝ առողջապահության նախարարությունը չունի գնագոյացման հաշվարկ: Ծառայության գինը, ինչպես արդեն վերեւում նշել էինք, սահմանվում է` ելնելով տվյալ տարվա համար ՀՀ պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված միջոցներից: Գների վերանայման անհրաժեշտությունը առաջանում է նաեւ այն հանգամանքից, որ կազմակերպությունների կողմից ներկայացված գների հաշվարկի մեջ կան խիստ էական տարբերություններ` թե՛ դիալիզատորների գների եւ թե՛ մնացած բաղադրիչների մասով:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

08.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031