ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տարածած զեկույցի համաձայն՝ 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերների լավագույն տասնյակում ԵԱՏՄ երկրներից միայն Ռուսաստանն է՝ 469,7 միլիոն դոլար, իսկ ամենաշատը եվրոպական երկրներն են՝ Շվեյցարիա, Բուլղարիա, Գերմանիա, Իտալիա՝ միասին մոտ 350 միլիոն դոլար առեւտրաշրջանառություն: ԵԱՏՄ մյուս երկրները միասին 15 միլիոնից էլ քիչ առեւտրի ծավալ են ապահովում. Բելառուս՝ 12,149 միլիոն, Ղազախստան՝ 2,987 միլիոն, Ղրղըզստան՝ 228 հազար: Թուրքիան 9-րդն է՝ 51 միլիոն է մեր եւ Թուրքիայի առեւտրի ծավալը 2018-ի առաջին երեք ամսում: Փաստորեն ԵԱՏՄ երկրները Թուրքիայի չափ էլ չկան:
Վերջին 9 ամսում սա Հայաստանի պետական կառույցի արդեն 4-րդ զեկույցն է, որը ապացուցում է, որ «Եվրասիական տնտեսական միություն» անունով միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորումը Հայաստանին պետք չէ, Հայաստանի համար ԵԱՏՄ-ն բանի պետք չէ: Նախորդ զեկույցները.
1. 2017 թվականի օգոստոսին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության առաջարկով կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի զարգացման նպատակով երկրների թիրախավորման տնտեսական չափանիշները, թիրախային երկրների ցանկը, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների տնտեսական գործունեության կատարողականի գնահատման չափանիշները: Ցանկում կա 14 երկիր, որից միայն մեկն է ԵԱՏՄ-ից՝ Ռուսաստանը: Ամենաշատը՝ վեց երկիր, եվրոպական են: Երկրների թիրախավորման տնտեսական չափանիշներն են. երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների մակարդակ, հայկական համայնքի առկայություն, աշխարհագրական եւ ենթակառուցվածքային հնարավորությունների առկայություն, Հայաստանի առաջարկած ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի առկայություն եւ այլն: Հետեւաբար ՀՀ կառավարությունը մեր պետության զարգացման քաղաքականության տնտեսական բաղադրիչում չի տեսնում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի հետ տնտեսական համագործակցություն, մեր կառավարության սահմանած չափանիշներով նրանք պիտանի չեն մեր տնտեսական զարգացման հարթությունում, մեր առաջարկած ապրանքներն ու ծառայությունները նրանց չեն գրավում: Ուրեմն ԵԱՏՄ-ն բանի պետք չէ-1:
2. 2017-ի նոյեմբերին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության արտաքին առեւտրաշրջանառության ծավալը կազմել է 4,3675 միլիարդ դոլար: Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկեր երկրների լավագույն տասնյակում ԵԱՏՄ-ից միայն Ռուսաստանն է: Ուրեմն պաշտոնական վիճակագրության համաձայն էլ՝ ԵԱՏՄ-ն բանի պետք չէ-2:
3. 2018-ի փետրվարին պաշտոնապես հայտարարվեց, որ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը տնտեսվարողների համար մշակել է ուղեցույցներ, որոնք պարունակում են արդիական եւ համապարփակ տեղեկատվություն արտահանման հետաքրքրություն ներկայացնող շուկայի, ներմուծման կարգավորման, պայմանագրային հարաբերությունների, առկա սահմանափակումների եւ առանձնահատկությունների վերաբերյալ՝ սեփական արտադրանքը եւ արտադրական գործընթացն արտաքին շուկաների պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Ընտրվել է 5 թիրախային շուկա՝ 5 երկիր` Արաբական Միացյալ Էմիրություններ, Չինաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իրան, Կատար։ Այս երկրներից ոչ մեկը Եվրասիական տնտեսական միության անդամ չէ: Ուրեմն տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կարծիքով էլ՝ ԵԱՏՄ-ն բանի պետք չէ-3:
9 ամսում չորս պաշտոնական զեկույց, համաձայն որոնց՝ ԵԱՏՄ-ում մենք անելիք չունենք, այս տիրույթում հետաքրքիր չեն մեր ապրանքներն ու ծառայությունները: Շատ ավելի լավ է զարգանում եվրոպական երկրների հետ առեւտրաշրջանառությունը:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
08.05.2018