«Կյանքն իմ աչքերով», «Ես հյուլեն եմ ամպերի», «Կյանքը երեկոյան սրճարանում», «Հոգեւոր աքսոր» գրքերից հետո լույս է տեսել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորակայն պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի «Թափառող լույս» բանաստեղծական ժողովածուն: Շնորհանդեսը տեղի էր ունեցել օրեր առաջ, Գրողների միության դահլիճում, որին մասնակցում էին պալատի ճանաչված դատավորները, իրավաբան ընկերները, Արցախի ՄԻՊ-ը, գրողները:
«Այս գիրքը բարության շնորհանդես է, որն ընթերցողին տանում է դեպի հոգեւոր բարձունքներ»,-ասաց բանաստեղծուհի Լիլիթը:
Իսկ գրքի խմբագիր, ՀԳՄ նախագահ Է. Միլիտոնյանը բանաստեղծական մագնիս համարեց ժողովածուն. «Բանաստեղծական մագնիսը միայն սրտեր է ձգում: Դավթի ձեռքում կա այդպիսի մագնիս»:
«Լռությունը ձայն ունի/ Երբեմն այնքան հզոր/, Որ ես խլանում եմ/, Լռությունը ճիչ ունի/, Որից ես կարկամում եմ/, Եվ հաճախ է լինում/, Որ լռությունից/, Ես լռություն եմ աղերսում»,-գրել է բանաստեղծը:
Ժողովածուն բնության, հայրենիքի, մոր, սիրո, ապրիլյան պատերազմի ոսկե սերնդի մասին է, ասես, կտավի վրա հավաքած. Ամպերն այսօր բացել են հարսնաշորի հանդես, կապույտն է ետեւում, հարսի երազներն է հավաքում:
Պատերազմի հերոսներին նվիրված բանաստեղծություններից մեկում Դ. Ավետիսյանը գրում է. «Դուք նման եք մեռնող աստղերի, որոնք ընկնելիս Լույս են բերում»:
Խոհափիլիսոփայական տողերում հեղինակը «խոստովանում» է, որ ժամանակ կար, երբ աշխարհի մեջ ինքն իրեն էր փնտրում. «Հետո սկսեցի, Ինձ իմ մեջ որոնել, Որոնեցի ու …չգտա»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
08.05.2018